Սաուդյան Արաբիան հայտարարել է Եմենի հարավում 28 զարգացման նախագծերի և նախաձեռնությունների մեկնարկի մասին, որոնց արժեքը կազմում է 1,9 միլիարդ սաուդյան ռիալ (մոտավորապես 500 միլիոն ԱՄՆ դոլար): Այս մասին հաղորդում է Asharq News-ը։
Նախագծերը, որոնք ներառում են կենսականորեն կարևոր ոլորտներ, նպատակ ունեն նպաստելու Եմենում կայունության ամրապնդմանը երկրի 10 նահանգներում, այդ թվում՝ Ադենում, Հադրամաութում, ալ-Մահրայում։
Այս նախագծերը ներառում են նավթամթերքի դրամաշնորհ էլեկտրակայանների շահագործման համար, Ադենում առաջին աղազրկման կայանի կառուցում, Ադենի օդանավակայանի վերականգնում և զարգացում, հիվանդանոցների և բժշկական կենտրոնների կառուցում և շահագործում, դպրոցների և կրթական հաստատությունների կառուցում, մի քանի գլխավոր ճանապարհի զարգացում, ինչպես նաև Եմենի ափամերձ ճանապարհի կառուցում, ընդլայնում և արդիականացում։
Reuters-ի փոխանցմամբ՝ այս տարածքների մեծ մասը գտնվում էին Արաբական Միացյալ Էմիրությունների և դաշնակից անջատողականների կողմից երկար ժամանակ վերահսկվող հատվածներում: Այս ուժերն այս ամիս ջախջախվել են Սաուդյան Արաբիայի աջակցությամբ տեղի ունեցած հարձակման արդյունքում։
Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարար Խալիդ բին Սալմանը հանդիպել է Եմենի միջազգայնորեն ճանաչված կառավարության ղեկավարի և երկրի նախագահական ղեկավարության խորհրդի մի քանի անդամների հետ՝ հաստատելու թագավորության աջակցությունը։
Սաուդյան Արաբիան և ԱՄԷ-ն նախկինում միասին աշխատել են կոալիցիայում՝ Եմենի քաղաքացիական պատերազմում պայքարելով հութիների դեմ։ Սակայն Պարսից ծոցի երկու ամենահզոր երկրները սուր տարաձայնություններ ունեն Մերձավոր Արևելքի բազմաթիվ հարցերի շուրջ։



