Սաուդյան Արաբիան արձագանքել է Գազայի հատվածի...

Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ դիվանագիտական հարաբերություններ չի հաստատի Իսրայելի հետ, մինչև չստեղծվի Պաղեստին պետություն։ Գերատեսչությունը նման հայտարարությամբ հանդես է եկել՝ ի պատասխան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վերջին հայտարարությունների, որոնցում նա նշել է, որ Վաշինգտոնը կստանձնի Գազայի հատվածի կառավարումն ու վերակառուցումը: Այս մասին հայտնում է Al Jazeera լրատվական գործակալությունը։ 

Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարարությունը հիշեցրել է թագաժառանգ արքայազն Մուհամմեդ բին Սալմանի հայտարարությունն այն մասին, որ թագավորությունը չի դադարեցնի իր աշխատանքն Արևելյան Երուսաղեմ մայրաքաղաքով անկախ Պաղեստին պետության ստեղծման ուղղությամբ և առանց այդ պետության ստեղծման դիվանագիտական ​​հարաբերություններ չի հաստատի Իսրայելի հետ։

Թագաժառանգը նաև կոչ է արել խաղաղասեր երկրներին ճանաչել Պաղեստին պետությունը և ընդգծել է միջազգային հանրության մոբիլիզացման կարևորությունը՝ աջակցելու Պաղեստինի ժողովրդի իրավունքներին, ինչպես նաև նշել է, որ Պաղեստինն իրավասու է դառնալ ՄԱԿ-ի լիիրավ անդամ:

Սաուդյան Արաբիայի ԱԳՆ հայտարարության մեջ ընդգծվել է, որ միջազգային հանրությունը պարտավոր է քայլեր ձեռնարկել՝ մեղմելու ծանր իրավիճակը, որից տառապում է Պաղեստինի ժողովուրդը՝ կանգնելով հայրենի հողերից հեռանալու վտանգի առջև։

Վաշինգտոնում Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսում Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնն իր ձեռքը կվերցնի Գազայի հատվածը, հնարավոր է նաև՝ ամերիկյան զորքերի օգնությամբ, այն կվերածի մերձավորարևելյան Ռիվիերայի, իսկ այնտեղ ապրող պաղեստինցիները պետք է հեռանան։