Սաուդյան Արաբիան 600 միլիարդ դոլարի ներդրում...

Դոնալդ Թրամփը նախագահի պաշտոնում իր առաջին հեռախոսազրույցն ունեցել է Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազնի հետ։ Այս երկիրը կարող է լինել առաջինը, ուր կայցելի ԱՄՆ նախագահը։

Սաուդյան Արաբիայի լրատվական գործակալությունը հաղորդում է, որ «արքայազնը վերահաստատել է թագավորության մտադրությունը՝ ընդլայնել ներդրումներն ու առևտուրը ԱՄՆ-ի հետ առաջիկա չորս տարիների ընթացքում 600 միլիարդ դոլարով, հնարավոր է՝ նաև ավելի մեծ գումարով:

Ըստ լրատվամիջոցի՝ երկու ղեկավարները քննարկել են նաև համագործակցության ուղիները Մերձավոր Արևելքում խաղաղության, կայունության և անվտանգության խթանման համար։

Սաուդյան Արաբիան առաջին երկիրն էր, ուր Դոնալդ Թրամփն այցելել է 2017 թվականին՝ իր առաջին պաշտոնավարման ընթացքում: Ավելի ուշ նա կատակել է, որ ուղևորությունը Ամերիկային 450 միլիարդ դոլարի ներդրում է բերել, և որ ինքը պատրաստ է կրկին ընտրել թագավորությունը որպես այցելելու համար առաջին երկիր, եթե ստացվի խոստացված ներդրումների գումարը: