«Ես այսքան ժամանակ ՔՊ կուսակցության անդամ եմ, երբևիցե չեմ լսել, որ Փաշինյանն ասի՝ մարդ հավաքե՛ք, բերե՛ք։ Մեր մոտից էլ են երկու տղա գնացել, դա կապ չունի, նրանց չեն ասել՝ եկեք»։ Այսպես ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը «Եռաբլուր» զինվորական պանթեոնում արձագանքեց լրագրողների դիտարկմանն այն մասին, որ նախօրեին Հովհաննավանքում հավաքված քաղաքացիների մեծ մասը ՔՊ կուսակցության անդամներն էին։
Հարցին, թե ինչպես է ընդհանրապես վերաբերվում տեղի ունեցող գործընթացներին, Միքայելյանը կարճ պատասխանեց.
«Երեկ տեսաք, թե ինչպես Օհանավանում դիմավորեցին Փաշինյանին։ Գյուղում բնակվող ժողովրդի կարծիքը տեսեք»։
Սասուն Միքայելյանը չպատասխանեց հարցին՝ մասնակցելու՞ է Փաշինյանի կողմից հայտարարված «հոգևոր հավաքին»։ Հարցին՝ Հովհանավանքում հաջորդ կիրակի մասնակցելու՞ է կարգալույծ քահանայի ձեռամբ մատուցվող պատարագին, որին մասնակցության մասին արդեն հայտարարել է Նիկոլ Փաշինյանը, Միքայելյանը պատասխանեց.
«Իրեն բարի ճանապարհ»։
Պատասխանելով լրագրողի հարցին՝ թիմակիցներից նեղացա՞ծ է, որ չի ընտրվել վարչության կազմում, Միքայելյանը պատասխանեց.
«Եղել են արդար, ազատ ընտրություններ։ Ես չեմ անցել, էդտեղ տրագեդիա չկա, ես ծանր չեմ տանում»։
Նշենք, որ նախօրեին Հովհաննավանքում կարգալույծ քահանայի ձեռամբ մատուցված պատարագին մասնակցում էին վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյնաը, Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը և ՔՊ–ական մի շարք այլ պաշտոնյաներ։ Հատկանշական է, որ պատարագին մասնակցում էին նաև տարբեր մարզերից ժամանած համայնքապետարանների աշխատակիցներ, Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամներ, քաղաքացիական հագուստով ոստիկաններ։
Պատարագի ամբողջ ընթացքում եկեղեցու տարածքում հսկողություն էին իրականացնում մեծ թվով ոստիկաններ եւ անվտանգության աշխատակիցներ:



