Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանին շաբաթներ առաջ ազատեցին իր զբաղեցրած պաշտոնից, քանի որ նա Արցախը հիշատակող գիրք էր նվիրել ԱՄՆ փոխնախագահ Վենսին։ Թանգարանի տնօրենին ազատել էին Փաշինյանի ուղիղ ցուցումով․ «Ես դա համարել եմ կառավարության վարած արտաքին քաղաքականությանը հակառակ գործողություն, ես դա համարել եմ սադրիչ գործողություն և խնդրել եմ, որ դիմում գրի»,– լրագրողներին ասել էր Փաշինյանը։
Այս պաշտոնանկությունից հետո իշխանական քարոզչամեքենան սկսեց մարդկանց համոզել, թե «Արցախ» անունը տալով պատերազմ է հրահրվում, և Արցախի մասին հիշողները, ինչպես նաև ՔՊ-ի տեսակետներից զատ այլ կարծիք ունեցողները, չեն կարող տեղ ունենալ պետական համակարգում։
Հետաքրքիր է, որ այս իրադարձության և հայտարարությունների ֆոնին օրերս ՔՊ-ական պատգամավոր, ինչպես նաև ՔՊ ցուցակում որպես թեկնածու ներառված Սասուն Միքայելյանը իր պաշտոնական էջում հրապարակել էր «Հետագիծ» վերտառությամբ տեսանյութ, որի մեծ մասը նվիրված էր Արցախի ազատագրությանը և իր մասնակցությանը։ Արցախի մասին նման կերպ հիշատակելը թարս «չափալախ» է Նիկոլ Փաշինյանին և, ՔՊ-ական տրամաբանությամբ, պատերազմ հրահրելու պես մի բան է։
Եթե Փաշինյանը չի արձագանքում իր ցուցակի առաջավոր տեղերը զբաղեցնող Սասուն Միքայելյանի քայլին, դա կնշանակի, որ «չափալախը» տեղ է հասել։ Այս դեպքում նա լավ կանի ներողություն խնդրի Էդիտա Գզոյանից և նրան վերադարձնի նախկին պաշտոնին։



