Բնականաբար, սափրվելը հետևանքներ էր ունենալու: Այս մասին ԱԺ ճեպազարույցների ժամին հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը՝ անդրադառնալով պաշտոնանկություններին:
«Պատկերացնո՞ւմ եք՝ թախանձագին խնդրել է թողնել պաշտոնները, թե՝ Քաջ Նազարի պես՝ գյադեք, ռադ եղեք։ Սրանք էլ ռադ են եղել։ Նախորդ քառօրյայում հայտարարություն էի պատրաստել իրար ուտելու մասին։ Բայց որոշեցի չասել-չխանգարել։ Այսօր պետական ռեպրեսիվ ամբողջ ապարատը, ՔՊ-ականների կեղտոտ քարոզչությունն ուղղված է ընդդիմության դեմ։ Արդյունքներից դժգոհ է, փորձում է 0 կետից սկսել։ Նույն կանխատեսելի հետևանքներով։ Ողբերգությունը վերածվում է ֆարսի։ Դեպքերի զարգացման մի քանի սցենար կա։ Կապրենք, կաշխատենք, կտեսնենք»,- ասաց նա:
Վարդանյանը նաև նշեց, որ պետք չէ ափսոսալ: «Մի՛ ափսոսացեք, շատ բան չենք կորցրել։ Այդ պաշտոնյաները եղած, թե չեղած, միևնույնն էր: Սա մեկ բռնապետիկի որոշման արդյունք է և նրանք իրենցից որևէ բան չէին ներկայացնում, ինչպես որևէ բան չէին ներկայացնում այստեղ՝ Ազգային ժողովում: Նրանց մեջ չկա մի ինքնուրույն, մի ազատ մարդ, որ կարողանա Նիկոլի տեսակետներին, կարծիքներին հակադրվող մի բան ասել»,- ասաց նա:
Վարդանյանը նշեց, որ փողոցում լիքը նման պաշտոնյաներ կգտնվեն, որոնց գործունեության արդյունքում է նաև մեր պետությունը և մեր հասարակությունն այս վիճակում ակնհայտ է, չէ՞։
«Ի՞նչ խնդիրներ կան իրենց ներսում։ Աստված իրենց հետ, դա ինձ շատ քիչ է հետաքրքրում, բայց որ այս մարդու ղեկավարությամբ Հայաստանը հեռանկար չունի և այս մարդը չարիք է մեր ամբողջ ժողովրդի համար, ես կարծում եմ, որ հասարակության բացարձակ մեծամասնությունն այդ կարծիքին է»,- ասաց Վարդանյանը:
Հիշեցնենք, որ աշխատանքից ազատման դիմումներ արդեն իսկ գրել են ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը, Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը, ՆԳ նախարար Վահե, Քննչական Կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը: