Սանչեսն անդրադարձել է Իսպանիայի նկատմամբ կրկն...

Իսպանիան ինքնիշխան երկիր է և նաև ԱՄՆ-ին իր բարեկամն է համարում, հայտարարել է վարչապետ Պեդրո Սանչեսն այն բանից հետո, երբ հրաժարվել է պաշտպանությանը տրամադրել ՀՆԱ-ի 5%-ն ու ԱՄՆ նախագահի դժգոհությունն առաջացրել: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը: 

Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսն ավելի վաղ հայտարարել էր, որ ՆԱՏՕ-ի կողմից առաջադրված նպատակներին հասնելու համար Իսպանիային բավական է պաշտպանական ծախսերին հատկացնել ՀՆԱ-ի 2,1%-ը։ Այս հայտարարությունից հետո Թրամփն Իսպանիային սպառնացել էր կրկնակի մաքսատուրքերով:

Բրյուսել ԵՄ գագաթնաժողովին ժամանելուն պես Սանչեսին հարցրել են՝ արդյոք նա անհանգստացած է Վաշինգտոնի սպառնալիքների առնչությամբ: Սանչեսը նշել է, որ Իսպանիան այն երկիրն է, որը «հավատարիմ է դաշինքի անդամ պետություններին, բայց նաև ինքնիշխան է»։ Նա նշել է, որ Իսպանիայի զինված ուժերը և Պաշտպանության նախարարությունն ասել են, որ ՆԱՏՕ-ի հետ հունիսի 5-ին ձեռք բերված համաձայնություններով՝ կտրամադրվի երկրի ՀՆԱ-ի 2,1%-ը, և Մադրիդը հենց դա էլ պատրաստվում է անել: 

Սանչեսը հավելել է, որ աշխարհը բախվել է առևտրային պատերազմի, մաքսատուրքերի, որոնք Իսպանիան ի սկզբանե անարդար և միակողմանի է որակել: Սանչեսի պնդմամբ՝ Իսպանիան առևտրային դեֆիցիտ ունի Միացյալ Նահանգների հետ երկկողմ առևտրում: