Ես ուղեւորվել եմ Սյունիք և եթե հետագայում էլ անհրաժեշտություն լինի մասնագիտական թիմի հետ գործուղվել հեռավոր մարզեր, ապա նման գործուղումներ լինելու են: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 8-ին, ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ անդրադառնալով նրան, որ վերջերս սանավիացիայի ուղղաթիռով ինքը մեկնել է Սյունիքի մարզ:
Հարցին, թե արդյոք ավելի նպատակային ուղղություններով չպետք է օգտագործվի սանավիացիան, նա արձագանքեց, որ ուղղաթիռով գործուղման մեկնելը նպատակային է համարում:
Ինչ վերաբերում է տարածված լուրին, թե չպատվաստված ընտանիքները 50 տոկոսով ավելի պետք է վճարել գազի ու էլեկտրաէներգիայի դիմաց, Ավանեսյանն ասաց. «Ես նման որոշման մասին տեղյակ չեմ, չգիտեմ որտեղից են վերցրել»:



