Սամվել Կարապետյանը «սուչիտ արեց» Նիկոլ Փաշինյ...

Երեկ ամբողջ օրվա ընթացքում հանրապետությունը հետևում էր վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի ջղաձգումներին, որոնք սկսվեցին հայազգի գործարար Սամվել Կարապետյանի հայտարարությունից հետո։

Հիշեցնենք՝ Սամվել Կարապետյանը հարցազրույց էր տվել և կարծիք հայտնել եկեղեցի-իշխանություն հարաբերությունների վերաբերյալ՝ նշելով․
«Մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու և հայ ժողովրդի վրա։ Ես միշտ եղել եմ հայոց եկեղեցու ու հայ ժողովրդի կողքին։ Եթե քաղաքական գործիչներին չհաջողվի, ապա մենք մեր ձևով ենք միջամտելու եկեղեցու դեմ արշավին»։

Այս հայտարարությունից հետո Նիկոլ Փաշինյանի պաշտոնական ֆեյսբուքյան էջում սկսվեց գրառումների տեղատարափ.
«Ասում է՝ մենք մեր ձևով ենք միջամտելու։
Հիմա ես քեզ իմ ձևով կմիջամտեմ, ստահակ։ Ավելի ճիշտ՝ ձեզ», – գրել էր Փաշինյանը։

Մեկ այլ գրառման մեջ էլ նշել էր.
«Սա ձեզ համար Կալուգայի Նիժնի Տապռի գեղը չի։ Սա Հայաստանի Հանրապետությունն է։
Հույս ունեմ՝ պետության համը բերաններդ կմնա»։

Այս գրառումներից անմիջապես հետո, ինչպես արձանագրեցինք, իրավապահները, ներխուժեցին Սամվել Կարապետյանի Երևանի առանձնատուն։ Մեր տեղեկություններով՝ Փաշինյանը ԱԱԾ-ին հանձնարարել էր .
«Տաշիր Սամոյին պետք է ասֆալտին փռես։ Դա ամբողջ հանրապետությունը պետք է տեսնի։ Լսեցիր, Աբազյան»,-կառավարության միջանցքներում բղավել էր նա։

Սակայն այս անգամ Փաշինյանը ծանր մոլորության մեջ էր։ Սամվել Կարապետյանը ոչ թե պետության հաշվին հարստացած և իշխանության հետ պայմանավորվածությունների գնացած օլիգարխ է, այլ Ռուսաստանի Դաշնությունում ճանաչված, հարգված գործարար։ Նրան «ասֆալտին փռելն» այդքան էլ հեշտ չէր։

Բացի դրանից՝ Կարապետյանը սիրված է հասարակության լայն շերտերի կողմից։ Նրա տան շուրջ իրավապահների գործողության մասին լուրի տարածումից հետո հազարավոր քաղաքացիներ հավաքվեցին այնտեղ՝ իրենց աջակցությունը հայտնելով Կարապետյանների ընտանիքին։ Քաղաքական ուժերը, հանրահայտ անհատներ, անգամ արձագանքներ Մոսկվայից ստիպեցին իրավապահներին հրաժարվել ուժային զարգացումից։

Փաշինյանի հրահանգից մոտ 12 ժամ անց իրավապահները ոչ թե բերման ենթարկեցին Սամվել Կարապետյանին, այլ վերջինս, ըստ էության, ինքնակամ ներկայացավ իրավապահներին՝ խափանելով «ասֆալտին փռելու» բեմադրությունը։ Որևէ ուժային կառույց այդ ռիսկը չվերցրեց։

Այս միջադեպը փաստեց Փաշինյանի «չուլանացվելը», ինչն ավելի պարզ դարձավ այսօր առավոտյան, երբ նա աշխատանքից ազատեց ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանին՝ «հրաման չկատարելու» համար։

Քաղաքական վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանն այս առնչությամբ արձանագրել է․
«Քիչ առաջ ոստիկանության միջոցով Նիկոլին վերջապես հաջողվեց Սամվել Կարապետյանին «բերման ենթարկել»։ Փաստորեն՝ մոտ 12 ժամ տևած անգործությունից հետո։ Ընդ որում, ԱԱԾ-ն այդպես էլ չմասնակցեց գործողությանը։ Անկախ ամեն ինչից՝ ուժային կառույցների այս պահվածքը ցույց տվեց, որ Նիկոլի՝ իրենց միջոցով իշխանությունը պահպանելու հույսերը բավականին սին են։ Վերջիվերջո, կարծեմ Թալեյրանն էր ասում Նապոլեոնին՝ սվինները ամեն ինչի համար պիտանի են, բայց դրանց վրա նստել չի լինում»։

P.S. Հետաքրքիր է՝ ո՞վ էր Սամվել Կարապետյանին համոզել, որ կարելի էր պարզապես հանձնվել ոստիկանությանը...

Եթե ամփոփենք կատարվածը Փաշինյանի վերջին օրերին դրսևորած փողոցային վարքագծի լեզվով, ապա կարելի է ասել՝ Սամվել Կարապետյանը «սուչիտ արեց» Նիկոլ Փաշինյանին։