Սամվել Կարապետյանն ուժեղ, կամային մարդ է և հե...

Իմաստուն խոսք կա՝ մեծ մարդիկ չարիք չեն բերում, մեծ մարդիկ բարիք են ստեղծում, բերում, իսկ չարիք բերում են ոչնչությունները: Այս մասին ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը:

Նրա խոսքով՝ Սամվել Կարապետյանի գործը, կյանքը բոլորի առաջ է, միայն բարիք է ստեղծել և՛ Հայաստանում, և Արցախում: Դուք ինքներդ որոշեք՝ ով և ովքեր են ոչնչությունները: Այս վերջին շրջանում Ն.Փ.-ի քայլերը շատ են հիշեցնում հարևան երկրի նախկին նախագահի՝ Սաակաշվիլու քայլերը:

«Նա էլ իր վախճանը գտավ վրացական եկեղեցու դեմ պայքար սկսելով, և վրաց ժողովուրդը շատ կտրուկ, շատ միասնաբար հակադարձեց դրան: Նա էլ երկար տարիներ ասում էր՝ գիտեք, այսպիսի մեծահարուստ կա, որը հսկայական գործ է արել Վրաստանում, արդեն իր իշխանության վերջին տարիներին սկսեց այդ մարդու հանդեպ հալածանքները, փորձեց ձերբակալել և այլն: Նմանություններն ու զարգացումները շատ համընկնում են, և վախճանն էլ այդպես է լինելու»,- ասաց պատգամավորը:

Վարդանյանը վստահեցրեց՝ Սամվել Կարապետյանն ուժեղ, կամային մարդ է և հերթական այս ապօրինությունն այս իշխանությունը չի մարսելու: «Երբ մի քանի օր առաջ Ն.Փ.-ն ասում էր՝ չենք հանդուրժի որևէ սպառնալիք ՀՀ հանդեպ, Հայաստանի հեղինակության վիրավորում, ինքը նկատի ուներ ինքն իրեն, որովհետև որևէ մեկը չի կարող Սամվել Կարապետյանի խոսքն ի պաշտպանություն եկեղեցու համարել սպառնալիք կամ վիրավորանք ՀՀ-ին: Սրանք սկսել են խոսել՝ մենք ՀՀ-ն ենք, Դուք ՀՀ-ն չեք, դուք չեք ու չեք լինելու:

Այն վախերը, որ կան այս իշխանության մեջ, աղքատությունը Նիկոլ Փաշինյանի ոսկորների մեջ է: Նա երբեք չի կշտանալու, վախը նրա կակուղ հյուսվածքների մեջ է և այն երբեք չի անցնելու: Այդ վախը հաղթահարելու համար նա փորձելու է ցանկացած քայլի դիմել: Հաջորդը սուտն է, կեղծիքն է, որ նա կարող է խոսքը 168 աստիճան շրջել և ամեն օր ասել տարբեր բաներ»,- ասաց պատգամավորը: