Սամվել Կարապետյանին մեղադրանք են առաջադրել, փ...

Սամվել Կարապետյանին ապօրինի մեղադրանք են առաջադրել, այն մեր վստահորդը չի ընդունում։ Միջնորդություն են ներկայացնում դատարան՝ կալանքի սանկցիայի համար։ Այս մասին, այսօր՝ հունիսի 18–ին, Քննչական կոմիտեի դիմաց լրագրողներին ասաց գործարար Սամվել Կարապետյանի շահերի պաշտպանությունը ներկայացնող փաստաբան Արմեն Ֆերոյանը։

«Իբրև թե հնչեցրել է իշխանությունը զավթելու հրապարակային կոչեր, սա է մեղադրանքի հիմքում։ Դա բացարձակ իրականության հետ կապ չունի»,-ասաց փաստաբանը։

Նշվեց, որ մեղադրանքն առաջադրվել  է ՀՀ քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով։

«Նշված հոդվածը պատիժ է նախատեսում այլընտրանքային ձևով, տուգանք պատժատեսակ, նաև՝ հանրային աշխատանքներ։ Նման  հոդվածով անձին կալանքի ներկայացնելը վկայում է այն մասին, որ ամբողջ գործընթացն ապօրինի է»,-ասաց փաստաբանը։

Կարապետյանի աջակիցներն այժմ հավաքված են Քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչության շենքի դիմաց:Քննչական կոմիտեն դեռ պաշտոնական տեղեկություն չի տրամադրել: