Սամվել Կարապետյանի վարկանիշն ավելի բարձր է, ք...

Սոցիոլոգոիական հարցումների համաձայն՝ այսօր Սամվել Կարապետյանն ունի շատ ավելի բարձր վարկանիշ, քան Նիկոլ Փաշինյանը։ Այդ մասին, այսօր՝ մարտի 13–ին, Հակակոռուպցիոն դատարանի մոտ լրագրողների հետ զրույցում հայտարարել  է  «Համահայկական ազգային միասնության խորհուրդ» միավորման վարչության անդամ, պահեստազորի գնդապետ Ալբերտ Բազեյանը։

Նշենք, որ այսօր Կարապետյանի աջակիցները մի շարք այլ մտահոգ քաղաքացիներ հավաքվել են դատարանի մոտ, որտեղ քննարկվում է  Սամվել Կարապետյանի կալանքի ժամկետը երկարացնելու միջնորդությունը։ Ալբերտ Բազեյանի նշել է, որ  չի կարող կանխատեսել դատարանի որոշումը, սակայն համոզված է, որ գործողություններն իրականացվում են քաղաքական պատվերով՝ Նիկոլ Փաշինյանի հորդորով։

Բազեյանի փոխանցմամբ՝ Սամվել Կարապետյանը, ով ակտիվ մասնակցում է քաղաքական կյանքին, ունի լայն աջակցություն քաղաքացիների շրջանում։ Հիմնադիր համաժողովների և համագումարների ընթացքում հազարավոր քաղաքացիներ են ներկա եղել Կարապետյանի քաղաքական նախաձեռնություններին, իսկ այսօրվա արդար  սոցիոլոգիական հարցումները ցույց են տվել, որ նա շատ ավելի բարձր միավորներ ունի ընտրվելու, քան ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Բազեյանի խոսքով՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը, մյուս դաշնակցող քաղաքական ուժերի հետ միասին, կարող է մեծամասնություն կազմել գործող Ազգային ժողովում։ Հիշեցնելով Սամվել Կարապետյանի հնարավոր քաղաքական քայլերը՝ նա նշել է, որ Կարապետյանը կարող է հրաժարվել Ռուսաստանի քաղաքացիությունից, դառնալ միայն Հայաստանի քաղաքացի, և այդ դեպքում նրան կարող են ընտրել Հայաստանի վարչապետ։