Սակեուի նահանգում Թաիլանդի զինված ուժերը սկսե...

Թաիլանդի բանակը վերահսկողություն է հաստատել երկրի Սակեուի նահանգի կարևոր շրջանների նկատմամբ Կամբոջայի հետ սահմանային հակամարտության ընթացքում: Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը, այդ մասին ասվում է Թաիլանդի Ցամաքային ուժերի Առաջին ռազմական շրջանի հայտարարության մեջ:

««Բուրաֆա» օպերատիվ խումբը վերահսկողություն է հաստատել Բան Քլոնգ Փենգի, Բան Նոնգ Յաա Կեուի և Բան Նոնգ Չանի նկատմամբ: Զինվորականները պատրաստվում են դիրքեր գրավել ռազմաճակատի երկայնքով և կրակով կպատասխանեն  հարձակողական գործողություններին՝ այդ շրջանը վերահսկելու և իրենց դիրքերը պահպանելու համար», - ասվում է հաղորդագրության մեջ:

Թաիլանդի զինված ուժերը դեկտեմբերի 8-ին հայտարարել են «Բուրաֆա» խմբի գործողության մեկնարկի մասին՝ Կամբոջային սահմանակից Սակեուի նահանգում սուվերեն տարածքը վերադարձնելու համար: Թաիլանդի արտաքին գործերի նախարարությունն ավելի վաղ կոչ էր արել Կամբոջային դադարեցնել այդ նահանգում բնակավայրերի ընդլայնումը՝ Թաիլանդի տարածքի գրավմամբ, և պահանջել էր այնտեղից դուրս բերել Կամբոջայի քաղաքացիներին:

Կամբոջայի և Թաիլանդի սահմանին բախումները վերսկսվել են դեկտեմբերի 7-ին։ Հոկտեմբերին Մալայզիայում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջնորդությամբ ձեռք բերված հրադադարի խախտման համար կողմերը մեղադրել են մեկը մյուսին։  

Թաիլանդի և Կամբոջայի միջև տարածքային վեճը շարունակվում է ավելի քան մեկ դար։ Հակամարտության հիմքում ընկած են տարաձայնությունները մի քանի դժվարամատչելի շրջանների շուրջ, որոնց սահմանները դեռ որոշված չեն։