Սահմանամերձ համայնքների աջակցության համար 202...

Ազգային ժողովում 2026 թվականի պետական բյուջեի նախնական քննարկման ժամանակ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը ներկայացրեց սահմանամերձ և մարզային համայնքների զարգացմանն ուղղված ծրագրերի ֆինանսավորումը։

«Պետական աջակցություն սահմանամերձ համայնքներին միջոցառման համար 2026 թվականի բյուջեում նախատեսվել է 1 միլիարդ դրամ։ Սա վերաբերում է սահմանամերձ գյուղերի բնակիչներին տրամադրվող աջակցությանը՝ էլեկտրաէներգիայի, ոռոգման ջրի և հողի գույքահարկի մասով»,- նշեց նախարարը։

Խուդաթյանի խոսքով՝ կշարունակվի նաև ազդակիր համայնքների ֆինանսական օժանդակությունը։

«Ազդակիր բնակավայրերի և համայնքների բյուջեներին հատկացվող համայնքային մասհանումների (ռոյալթիների) համար 2026 թվականի բյուջեում նախատեսվել է 834,7 միլիոն դրամ»,– ասաց նա։

Նախարարը նաև ներկայացրեց մասնակցային բյուջետավորման ծրագրի զարգացման միտումները՝ ընդգծելով, որ Կառավարության նախաձեռնությունը 2026-ին կրկնապատկվելու է։

«Այս ծրագիրը մեկնարկել է 2024 թվականին։ Առաջին տարում բյուջետավորվել էր 500 միլիոն դրամ, երկրորդ տարում՝ 1 միլիարդ դրամ, իսկ 2026-ի համար նախատեսվել է 2 միլիարդ դրամ։ Սա նշանակում է, որ համայնքները կարող են ավելի մեծ ներգրավվածություն ունենալ իրենց նախաձեռնությունների ֆինանսավորման գործում»,– ընդգծեց նախարարը։ 

Խուդաթյանը տեղեկացրեց նաև, որ մարզերում հրատապ համարվող ծրագրերի իրականացման համար 2026-ին նախատեսվում է ևս 2 միլիարդ դրամ, ինչը թույլ կտա արագ արձագանքել արտակարգ իրավիճակներին և ենթակառուցվածքային վթարներին։ 

«Հասկանալի է, որ աշխատանքային տարվա ընթացքում մարզերում հաճախ առաջանում են չնախատեսված խնդիրներ։ Օրինակ՝ վերջին շրջանում Արարատի մարզում գրանցված կամրջի փլուզման դեպքը ցույց է տալիս նման միջոցների անհրաժեշտությունը»,-նշեց նախարարը։