Նոր Սահմանադրության օրակարգը մաքուր հայաստանյան օրակարգ է: Նիկոլ Փաշինյանն այդ մասին խոսել է Ազգային ժողովում՝ ներկայացնելով ՀՀ կառավարության 2026-2031 թվականների գործունեության ծրագիրը։
«Նախ պետք է արձանագրեմ, որ նոր Սահմանադրության օրակարգը մաքուր հայաստանյան օրակարգ է, ոչ միայն այն պատճառով, որ դեռևս 2020 թվականի փետրվարին մենք որդեգրել ենք այդ օրակարգը և հայտարարել դրա մասին, այլև հիմա Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, քվեարկելով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին, քվեարկել են նաև այդ օրակարգի օգտին, որովհետև նոր Սահմանադրության ընդունումը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրի կարևորագույն դրույթներից մեկն է՝ այն հիմնավորմամբ, որ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը իրավունք ունի ի վերջո իր լեգիտիմ և ազատ կամարտահայտմամբ ընդունված Սահմանադրությունն ունենալ և ազատ կամարտահայտմամբ իր համար սահմանել իրավակարգ և ապրելու կանոններ»,- ասել է Փաշինյանը։
Նա հստակեցրել է, որ նոր Սահմանադրության տեքստը կհրապարակեն առաջիկա ամիսների ընթացքում:
«Ինչպես արդեն ասել եմ, 1990 թվականի Անկախության հռչակագրին նոր Սահմանադրության մեջ հղում չպետք է լինի։ Ինչո՞ւ։ Մի պարզ պատճառով՝ մենք հայտարարել ենք Ղարաբաղի շարժումը չշարունակելու, ավարտելու անհրաժեշտության և որոշման մասին, կայացրել ենք այդ որոշումը, և ժողովուրդն այդ որոշումը հաստատել է։ Նոր Սահմանադրության մեջ հղում անել Անկախության հնռչակագրին, կնշանակի շարունակել Ղարաբաղի շարժումը, կնշանակի վերադառնալ կոնֆլիկտի տրամաբանությանը, իսկ սա անել չենք կարող, առավելևս 2026 թվականի համապետական ընտրություններից հետո, որտեղ մեր ժողովուրդը քվեարկել է խաղաղության օգտին, և խաղաղության օրակարգն այժմ այլևս համապետական օրակարգ է։ Ըստ այդմ, Ադրբեջանի հետ հաստատված խաղաղության պահպանումը, ամրապնդումը և ինստիտուցիոնալացումը Կառավարության համար առաջնային օրակարգ է»,- նշել է Նիկոլ Փաշինյանը։



