Սահմանադրության նախագծի ամբողջական տեքստը չէ, բայց մեծամասամբ այո, պատրաստ է։ Այս մասին, այսօր՝ փետրվարի 26–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ արդարադատության փոխնախարար Տիգրան Դադունցը։
«Բազմաթիվ թեմաներ արդեն մենք քննարկել ենք Սահմանադրական խորհրդում, նաև ունենք մշակված տարբերակներ, որ դեռ չենք ներկայացրել խորհրդում, բայց եթե նկատել եք արդեն գրեթե յուրաքանչյուր շաբաթ նիստեր են իրականացվում։ Առնվազն 1-2 հարց կամ 1-2 թեմա մենք կարողանում ենք խորհրդի հետ քննարկել և խորհուրդը հաստատում է։ Հույս ունենք, որ մարտի ընթացքում եթե ոչ ամբողջությամբ, ապա բազմաթիվ թեմաներ արդեն խորհրդի կողմից քննարկված և հաստատված կունենանք։ Եթե նույնիսկ չհասցնենք բոլոր թեմաները խորհրդի հետ քննարկել, ամեն դեպքում մենք նախագիծը կամփոփենք։ Հրապարակելու մասը դեռ կհասկանանք, բայց նախագիծը արդեն ամփոփած կունենանք»,–ասաց նա։
Դադունցի խոսքով, այնպես չէ, որ մարտից խորհրդի լիազորությունները դադարում են, էլ չի աշխատելու. «Խորհուրդը շարունակելու է գործել, ընդհուպ մինչև նախագծի հանրաքվեի դնելը»։
Հարցին՝ ինչո՞ւ հրապարակելու մասով դեռ որոշում չկա, նա պատասխանեց. «Մենք պետք է վստահ լինենք, որ տեքստը ամբողջական է, բացեր չկան։ Եթե վստահ լինենք, որ տեքստը առնվազն մեր գնահատմամբ ամբողջական է, եթե նաև խորհրդի հետ էլ որոշակի կոնսենսուս ունենանք, որ մենք շարունակում ենք ձեզ հետ աշխատել, բայց նաև զուգահեռ հանրությունն էլ իմանա, կարծում եմ՝ խնդիր չի լինի։ Միևնույն է, ինչ–որ փուլում տեքստը հրապարակվելու է, մենք նաև հանրային իրազեկումների պլանն ենք խորհրդին ներկայացրել։ Այն թեմաները, այն գլուխները, որ խորհուրդը քննարկել է, մենք դրա շուրջ քաղաքացիական հասարակության հետ քննարկումներ ունեցել ենք»։
Ինչ վերաբերում է Սահմանադրության նախաբանին, որտեղ հղում կա Անկախության հռչակագրին, ԱՆ փոխնախարարն ասաց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տեսակետը Սահմանադրության նախաբանի հետ կապված, հաշվի կառնվի, սակայն դեռ դրան չեն անդրադարձել։
Հարցին՝ ինքն անձամբ կո՞ղմ է, որ Սահմանադրության նախաբանից դուրս գա Անկախության հռչակագրին հղումը, ինչի վրա պնդում է Ադրբեջանը, Դադունցը պատասխանեց. «Այս հարցը արդեն իսկ քննարկվել է բարձր մակարդակով, վարչապետն էլ է դրա մասին նշել և մենք էլ որպես կառավարության ներկայացուցիչներ, մենք դա հաշվի ենք առնում։ Արդեն այդ հարցը չենք էլ քննարկում»։



