Սաակաշվիլիի օրգանիզմում մկնդեղ են գտել

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի բժշկական անալիզները ցույց են տվել նրա օրգանիզմում ևս մեկ թունավոր նյութի՝ մկնդեղի առկայությունը։ Այս մասին հայտնել է նրա փաստաբան Շալվա Խաչապուրիձեն, փոխանցում է «Մթավարի» հեռուստաալիքը։

Բացի այդ, իրավաբանը երկար ժամանակ անց առաջին անգամ հայտարարել է, որ նախկին նախագահը ներկա կլինի սահմանն ապօրինի հատելու գործով դատական նիստին, որը տեղի կունենա այսօր՝ նոյեմբերի 28-ին: Նրա խոսքով՝ պաշտպանությունը չի ցանկանում նիստի տապալման պատճառ դառնալ, սակայն Սաակաշվիլիին տեղաշարժվելու համար հատուկ աթոռ է հարկավոր։

Ավելի վաղ «Էմպատիա» ոչ կառավարական կազմակերպության ղեկավար Մարիամ Ջիշկարիանին և նախկին նախագահի մայրը՝ Գիուլի Ալասանիան, հայտարարել էին, որ Սաակաշվիլիի արյան մեջ սնդիկի, բարիումի և թալիումի հետքեր են հայտնաբերվել, որոնցով քաղաքական գործչին, ենթադրաբար, ցանկանում էին թունավորել:

Վրաստանի նախկին նախագահը Վրաստանում ձերբակալվել էր 2021 թվականի հոկտեմբերի 1-ին, իսկ այս տարվա մայիսին երկարատև հացադուլից հետո տեղափոխվել էր Թբիլիսիի կլինիկա՝ բուժման։ Ավելի վաղ նրան հեռակա կարգով դատապարտել էին երկու քրեական գործերով՝ ընդհանուր առմամբ 9 տարվա ազատազրկման։