Սա ոչ թե բարեգործության, այլ արդարության հարց...

Բաքվում ընթացող ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության կոնֆերանսում (COP29) Սուրբ Աթոռի պետքարտուղար, կարդինալ Պիետրո Պարոլինն ընթերցել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսի ուղերձը, որում նա կոչ է արել շտապ քայլեր ձեռնարկել շրջակա միջավայրի պաշտպանության և ամենաաղքատ երկրներին աջակցելու համար: Այս մասին գրում է vaticannews.va կայքը:

Սրբազան Հայրը կոչ է արել զարգացած երկրներին կրել անցյալի բազմաթիվ որոշումների բեռը և ներել աղքատ երկրների պարտքերը.«Սա ոչ թե բարեգործության, այլ արդարության հարց է: Հապաղելու ժամանակ չի մնացել. արարչագործության պաշտպանությունը մեր ժամանակի ամենահրատապ խնդիրներից է, որն անքակտելիորեն կապված է խաղաղության պահպանման հետ։ Երբ միջազգային կառույցներից հիասթափությունն աճում է, անհրաժեշտ է կառուցել կամուրջներ, ոչ թե պատեր: Եսասիրությունը՝ անհատական, ազգային, իշխող շրջանակների, սնուցում է անվստահության և պառակտման մթնոլորտ»:

Պոնտիֆիկոսն ընդգծել է, որ այս խնդիրը լուծելու համար պետք է ստեղծել ֆինանսական նոր ճարտարապետություն՝ հիմնված արդարության, համերաշխության և մարդակենտրոն սկզբունքների վրա։

Կաթոլիկների հովվապետը նշում է, որ տնտեսական զարգացումն ամենևին էլ չի նվազեցրել համաշխարհային անհավասարությունը, փոխարենն առաջնահերթություն է տվել շահույթին և նեղ շահերին, ինչը սրել է բնապահպանական և սոցիալական խնդիրները:

«Որոշումները պետք է բխեն գլոբալ տեսանկյունից և չծառայեն մի քանի երկրների շահերին»,- շեշտել է Հռոմի Պապը։

Նրա խոսքով՝ տնտեսական և բնապահպանական պարտքը նույն մեդալի երկու կողմերն են, որոնք վտանգ են ներկայացնում ապագա սերունդների համար։ Այս խնդիրը լուծելու համար Սրբազան Հայրը կոչ է անում ստեղծել ֆինանսական նոր ճարտարապետություն՝ հիմնված արդարության, համերաշխության և մարդակենտրոն սկզբունքների վրա։

Նման համակարգը պետք է ապահովի ամենաաղքատ երկրներին, կլիմայական աղետներից առավել խոցելի երկրներին, կայուն զարգացման հնարավորություններ՝ միաժամանակ նրանց թույլ տալով պահպանել իրենց բնապահպանական և տնտեսական անկախությունը:

«Մենք չենք կարող անտարբեր կողքով անցնել և այլ կողմ նայել։ Անտարբերությունն անարդարության մեղսակցությունն է»,- ասել է Պապը՝ կոչ անելով կոնկրետ, հավակնոտ համաձայնագիր, որը կարող է հիմք դնել ներառական և կայուն զարգացմանը: