
«Քիչ առաջ ավարտվեց ինձ մոտ հրավիրված խորհրդակցությունը, որտեղ քննարկեցինք տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումները եւ դեռեւս ուրբաթ օրը այդ կապակցությամբ իմ տված հանձնարարականների կատարման ընթացքը»։- Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաինյանը, ով նաեւ լուսանկար է հրապարակել:
Նա, մասնավորապես, ընդգծել է. «Իրավիճակի զարգացումը տարածաշրջանում անհնագստացնող է: Մեր դիրքորոշումը մնում է նույնը. Հայաստանը չի ներքաշվի հակաիրանական գործողությունների մեջ, Հայաստանը չի ներքաշվի հակաամերիկյան գործողությունների մեջ եւ մեր հույսն ու կոչն է մեզ համար բարեկամական Իրանին ու ԱՄՆ-ին՝ անհապաղ ձեռնարկել բանակցություններ՝ իրավիճակի հետագա վատթարացում թույլ չտալու համար»։
Սա այն քիչ դեպքերից է, երբ պետք է հստակ արձանագրել, որ Հայաստանի վարչապետը ընտրել է ճիշտ կեցվածք։ Եվ իրապես, Մեծ քաղաքականության մեջ զրոյականին մոտ ազդեցություն ունեցող Հայաստանի համար կարող է ճակատագրական լինել այնպիսի լուրջ խաղացողների հետ «մեջլիս» մտնելը, ինչպիսիք են Իրանը, ԱՄՆ-ն, Սաուդյան Արաբիան, Իսրայելը շիա-մահմեդական աշխարհը, Ռուսաստանը, Թուրքիան եւ այլ շահառուներ ներկայիս խառը վիճակի։ Երեւանի համար կարեւոր է այժմ ամեն գնով բաց պահել հայ-իրանական սահմանը, պահպանել դրական հարաբերությունները Թեհրանի հետ, հակառակ պարագայում ադրբեջանա-թուրքական ազդեցության տակ գտնվող Վրաստանը, անկախ մեզ բարեկամ լինելու հանգամանքից, կարող է Հայաստանի կյանքը վերածել դժոխքի թեկուզ եւ անուղղակի խոչընդոտների առումով։
Անկախ ամեն ինչից, իրեն ժողովրդավարության կղզյակ հռչակած Հայաստանը այդ տիտղոսը տարիներ շարունակ կրած Վրաստանի համար «մրցակից ֆիրմա» է հանդիսանում։ Հայաստանը պետք է նաեւ չփակի ԱՄՆ հետ բարեկամության դուռը, հասկանալիորեն գիտակցելով, որ աշխարհի թիվ մեկ գերտերության համարումն ունեցողի հետ «թարսվելը» կարող է թանկ արժենալ։ Մեզ համար հիմա առաջնահերթը մեր հայրենակիցների անվտանգությունն է թե Իրանում եւ թե ողջ Մերձավոր Արեւելքում։ Ճակատագրի հեգնանքով հակադիր բոլոր ճամբարներում էլ կան հայեր։
Անի Սահակյան