«Չի կարող, որ Ադրբեջանի զորքերը քո տարածքում լինեն, հակամարտության կարգավորման մի փաստաթուղթ ստորագրես, նույնիսկ այդ զորքերը քո տարածքից դուրս չգան։ Հիմա ասում են, որ սահմանագծման և սահմանազատման արդյունքում զորքերը դուրս են գալիս․ բայց մենք գիտենք, որ այս օրերին էլ իրենց դիրքերը ամրապնդելու կապիտալ շինարարություն է անում Ադրբեջանը Հայաստանի տարածքում: Սա ևս մեկ ապացույց է, որ Ադրբեջանը չի պատրաստվում նույնիսկ սահմանագծման, սահմանազատման հարց արդյունքում Հայաստանի տարածքից դուրս գալ: Հետևաբար, այդ խաղաղության մասին խոսելը թույլ է ու անիմաստ, հիմնավոր չէ»,- երիտասարդների հետ հանդիպմանը նշել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:
«Արդյո՞ք այդ թուղթը մեզ բերելու է երաշխիք, որ Ադրբեջանը չի հարձակվելու։ Բնականաբար՝ ոչ:
Նախ մենք ասում ենք, որ եթե ուզում ենք այսպես ասած՝ խաղաղությունն Ադրբեջանի հետ լինի անդառնալի և անշրջելի, պետք է ներգրավել միջազգային երաշխավորներ: Եվ աշխարհում դա շատ ընդունված կարգ է, որ նման երկարատև հակամարտությունների լուծման համար արժեք, կշիռ ներկայացնող գերտերությունները դառնում են այդ համաձայնության երաշխավորը: Եթե մենք ուղիղ այդ համաձայնությունը կնքում ենք, և Ադրբեջանը վաղը խախտում է, մեր զսպման գործիքը ո՞րն է:
Հետևաբար, մեր մոտեցումը հետևյալն է․ ոչ թե ասում ենք՝ Ադրբեջանի հետ ոչ մի թուղթ չենք քննարկում, բանակցություն չենք վարում, խաղաղություն էլ չենք ուզում, այլ ասում ենք, որ այդ խաղաղության հասնելու մեխանիզմները պետք է լինեն արդարացի, պետք է լինեն անշրջելի:
Այն, ինչ այսօր մեզ հրամցնում են, այդպես չէ:
Նույնը TRIPP-ի հետ կապված է: Ոչ թե ասում ենք, որ Հայաստանի տարածքը չպետք է ապաշրջափակվի, ճանապարհներ չպետք է լինեն, այլ ասում ենք՝ եթե խոսում եք դրա մասին, առաջին քայլը՝ մի հատ TRIPP-2 էլ թող Ադրբեջանի տարածքով լինի, էլի, էդ նույն պայմաններով: Այսինքն՝ փոխադարձության սկզբունքով։ Էդ ինչի՞ Հայաստանի տարածքով շատ դետալներով պայմանավորվում են, բայց Ադրբեջանի տարածքով նույնը չէ։ Այսինքն, այստեղ ոչ թե բանակցությունները մերժելով՝ միանգամից ամեն ինչին դեմ ենք, այլ պետք է այդ փաստաթղթերում ներառես քո շահը, հայկական պահանջները։ Դրանից հետո, եթե իրենք հրաժարվեն, դա, արդեն, իրենց պրոբլեմն է։ Բայց մերժող կողմը մենք չենք լինելու։ Սա է լինելու մեր ընդհանուր մոտեցումը»,- ասել է Իշխան Սաղաթելյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։



