ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի կարծիքով՝ հավանականություն կա, որ ռուս-ուկրաինական հակամարտությունը կարող է ավարտվել մինչև 2025 թ. վերջը։ Այս մասին նա ասել է El Pais թերթին տված հարցազրույցում:
«Իհարկե», - ասել է Ռյուտեն՝ պատասխանելով այն հարցին, թե «հնարավոր է արդյոք, որ պատերազմն ավարտվի մինչև այս տարվա վերջը»։
«Ես ցանկանում եմ հնարավոր ամեն բան անել, որպեսզի ԱՄՆ նախագահ Թրամփին օգնեմ իրականացնելու կարգավորման իր տեսլականը», - ասել է դաշինքի գլխավոր քարտուղարը։
Ռյուտեն նշել է, որ «հիացած է» ԱՄՆ ղեկավարի՝ ռուս-ուկրաինական հակամարտության «փակուղուց դուրս գալու ելք գտնելու» ձգտմամբ։
Միևնույն ժամանակ, մեկնաբանելով կարգավորման վերաբերյալ ամերիկյան առաջարկը, նա ասել է, որ այն պարունակում է ինչպես «հիմնավորված տեսակետներ», այնպես էլ այլ տեսակետներ, որոնք «պահանջում են մշակումներ ու երկխոսություն»։
Դրա հետ մեկտեղ Ռյուտեն նշել է, որ առանձին կետերի շուրջ բանակցությունները բարդ են և կարող են բավական շատ ժամանակ պահանջել: Նա որպես օրինակ է բերել ՌԴ-ի և Ուկրաինայի միջև ապագա սահմանները։
Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ գոհ է այն բանից, թե ինչպես են հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններն անցկացվում և՛ Մոսկվայի, և՛ Կիևի հետ։ Ըստ Թրամփի՝ կողմերը կարող են այն կարծիքին հանգել, որ հակամարտության լուծման ԱՄՆ առաջարկները շահավետ են իրենց համար։



