Ryanair ավիաընկերությունը հայտարարել է օդանավակայաններում գրանցման և ուղեբեռի հանձնման կանոնների փոփոխության մասին: Նոր կանոններն ուժի մեջ կմտնեն 2026 թվականի նոյեմբերի 10-ից. ասված է փոխադրողի պաշտոնական հայտարարության մեջ:
Ըստ փոփոխությունների՝ օդանավակայանում գրանցումը և ուղեբեռի հանձնումը կփակվեն թռիչքից 60 րոպե առաջ՝ նախկին 40 րոպեի փոխարեն:
Ընկերությունից պարզաբանել են, որ դա ուղևորներին հնարավորություն կտա ավելի շատ ժամանակ ունենալ անվտանգության և անձնագրային հսկողության փուլերն անցնելու համար, հատկապես պիկ ժամերին:
Նորամուծությունը կվերաբերի ուղևորների մոտ 20%-ին, ովքեր ուղեբեռ են հանձնում: Մնացած 80%-ի համար, ովքեր ճամփորդում են միայն ձեռքի ուղեբեռով, կանոնները չեն փոխվի. նրանք առաջվա պես կանցնեն առցանց գրանցում և անմիջապես կուղևորվեն դեպի զննման և նստեցման գոտի:
Ryanair-ը ընդլայնում է նաև ուղեբեռի հանձնման ինքնասպասարկման կրպակների օգտագործումը: Ակնկալվում է, որ մինչև հոկտեմբեր դրանք հասանելի կլինեն ցանցի օդանավակայանների ավելի քան 95%-ում: Դրանց միջոցով ուղևորները կկարողանան ինքնուրույն ձևակերպել ուղեբեռը և տպել պիտակները շարժական հավելվածի օգնությամբ, ինչը պետք է կրճատի հերթերը:
Ավելի վաղ Ryanair-ի ղեկավար Մայքլ Օ’Լիրին հայտարարել էր Մերձավոր Արևելքում հակամարտության շարունակման դեպքում ավիացիոն վառելիքի մատակարարման հնարավոր խափանումների մասին:



