Ռուսաստանը վերսկսել է Ուկրաինայի էներգետիկ համակարգին հարվածները: Տեղական իշխանության տվյալով՝ Կիևի ուղղությամբ բալիստիկ հրթիռներ են արձակվել: Կան վիրավորներ: Մի շարք շրջաններ մնացել են առանց էլեկտրականության: Իրավիճակն ավելի է բարդանում, քանի որ մայրաքաղաքում ջերմաստիճանը հասնում է -20-ի։ Բացի դրանից՝ ռուսական զորքերը հարվածել են Խարկովին: Կան վիրավորներ, նշվում է, որ թիրախում է եղել գլխավորապես էներգետիկ համակարգը:
Ուկրաինայի էներգետիկայի նախարարը հաստատել է, որ Կիևում, Խարկովում և Դնեպրում էլեկտրակայաններ և ջերմաէլեկտրակայաններ են խոցվել: Օդեսայի մարզում էլ ավելի քան 50,000 բնակիչ մնացել է առանց էլեկտրականության։
Հունվարի 29-ին Թրամփը հայտարարել էր, որ խնդրել է Պուտինին չհարվածել ուկրաինական էներգետիկ համակարգին՝ հաշվի առնելով ուժեղ ցուրտ եղանակը։ Կրեմլը հաստատել էր, որ համաձայնել են Թրամփի առաջարկին՝ մինչև փետրվարի 1-ը։ Միևնույն ժամանակ, ԱՄՆ նախագահը խոստացել է առաջիկա օրերին լավ լուրեր հայտնել ռուս-ուկրաինական բանակցությունների վերաբերյալ, որոնց հերթական փուլը նախատեսված է Աբու Դաբիում փետրվարի 4-5-ը:



