Ռուսաստանը Սիրիայում ոչ մեկին չի դավաճանել. այնտեղ տեղի ունեցած իրադարձությունները Սիրիայի ներքին գործն էր։
Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Իրանի պետական հեռուստատեսության և ռադիոհեռարձակման ընկերությանը տված հարցազրույցում, որը հրապարակվել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության կայքում։
Նրա խոսքով՝ Մոսկվան ներկայում հարթ, կայուն հարաբերություններ ունի Սիրիայի նոր իշխանությունների հետ։
«Թող նրանք օրինակ բերեն, թե երբ են կարծում, որ Ռուսաստանը «լքել» է ինչ-որ մեկին»,- ընդգծել է Լավրովը՝ մեկնաբանելով պնդումներն այն մասին, թե Մոսկվան թիկունք է դարձրել իր գործընկերներից։
«Մենք սերտ հարաբերություններ ունեինք Բաշար ալ-Ասադի հետ։ Մենք օգնության հասանք նրա կառավարությանը 2015 թվականին, երբ Դամասկոսը գործնականում շրջապատված էր և կարող էր ընկնել ընդդիմության հարձակումների տակ։
Մենք այնտեղ ռազմական ներկայություն հաստատեցինք՝ ռազմաօդային և ռազմածովային բազա։ Մենք ակտիվորեն աշխատել ենք ահաբեկչական օջախների ոչնչացման ուղղությամբ։ Մենք համագործակցել ենք միջազգային հանրության այլ երկրների, առաջին հերթին՝ Իրանի և Թուրքիայի հետ։ Գործընթացը բավականին դրական էր»,- նշել է Լավրովը։
Նրա խոսքով՝ երբ մեկ տարի առաջ սկսվեցին Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունները, Ռուսաստանն այնտեղ մարտական ստորաբաժանումներ չուներ։
«Մենք ունեինք երկու բազա՝ ռազմաօդային և ռազմածովային։ Ընդդիմության կողմից տարածքներ գրավելու արագությունը անսպասելի էր։ Գործնականում դիմադրություն չկար»,- ասել է Լավրովը՝ հավելելով, որ իր երկիրն այժմ կապի մեջ է Սիրիայի նոր իշխանությունների հետ։
«Այս բոլոր շփումների ընթացքում մենք ընդգծում ենք սիրիական պետության միասնության պահպանման հիմնարար կարևորությունը։ Սա պահանջում է ազգային երկխոսություն, որը ներառում է ալավիներին, սունիներին, դրուզներին՝ բոլոր էթնիկ-կրոնական խմբերին»,- ընդգծել է նախարարը։



