ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը նախատեսում է ստեղծել դրոնների միջոցով բեռնափոխադրումների նոր համակարգ։
Նախագահի խոսքով՝ ինքնավար անօդաչու համակարգերը հատկապես պահանջված են Արկտիկայում և Հեռավոր Արևելքում, այդ թվում՝ դժվարամատչելի շրջաններում, որտեղ ավանդական տրանսպորտային ենթակառուցվածքների օգտագործումը բարդ է։
Պուտինը նշել է, որ անօդաչու ավիացիայի զարգացմանը զուգահեռ ցածր բարձրությունների օդային տարածքը աստիճանաբար վերածվում է լիարժեք տրանսպորտային միջանցքի՝ երկաթուղիների և ջրային ուղիների նման։
Նրա խոսքով՝ արդեն այժմ անհրաժեշտ է մշակել քաղաքացիական բեռների ինքնավար փոխադրումների միասնական չափորոշիչներ և կանոններ։
Ցածր բարձրության լոգիստիկայի ստեղծման և կիրառման մոտեցումները կփորձարկվեն հատուկ նախագծի շրջանակում, որին կմասնակցեն ՌԴ տրանսպորտի նախարարությունը, «ԳԼՈՆԱՍՍ»-ը և չինացի գործընկերները։
Ռուսաստանը նաև մտադիր է համապատասխանեցնել անօդաչու սարքերի թռիչքների կանոնները տարբեր երկրների հետ և ստեղծել նոր անդրսահմանային օդային երթուղիներ Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի (ԱԽՏ), BRICS-ի և Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրների հետ։
Պուտինը ընդգծել է, որ Ռուսաստանը պատրաստ է այս ոլորտում համագործակցել բոլոր շահագրգիռ գործընկերների հետ։



