Հայաստանի և Իրանի միջև կգործարկվի «Պարզեցված մաքսային միջանցք»։
ՀՀ կառավարությունը սեպտեմբերի 3-ին հավանություն է տվել համապատասխան արձանագրության ստորագրմանը։
Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ օրինապահ տնտեսվարողների համար մաքսային հսկողության և մաքսային ձևակերպումների պարզեցված ընթացակարգերի կիրառման, ապրանքների տեղափոխման գործընթացների դյուրացման նպատակով իրանական կողմից ստացվել է առաջարկ` հայ-իրանական սահմանին «Պարզեցված մաքսային միջանցքի» ներդրման վերաբերյալ և համապատասխան նախագիծ՝ այդ նպատակի իրագործման համար։
Նախատեսվում է, որ «Պարզեցված մաքսային միջանցքի» կիրառման նպատակով կողմերը էլեկտրոնային եղանակով տեղեկություններ են փոխանակելու ապրանքների, տրանսպորտային միջոցների և արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների, այդ թվում՝ բեռնափոխադրողների և նրանց աշխատակիցների վերաբերյալ՝ արձանագրությամբ սահմանվող պայմաններին համապատասխան։
«Պարզեցված մաքսային միջանցքը» նախատեսվում է կիրառել նրանց նկատմամբ, որոնց գործունեությունը բնորոշվում է մաքսային օրենսդրության խախտման ցածր ռիսկայնությամբ։ Պարզեցումները կիրառվելու են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների, բացառությամբ անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների, և բոլոր տեսակի ապրանքների համար՝ հայաստանյան և իրանական այն սուբյեկտների նկատմամբ, որոնք կօգտվեն «Պարզեցված մաքսային միջանցքից» կամավորության սկզբունքով։
«Պարզեցված մաքսային միջանցքի» ներդրման հիմնական նպատակը արտաքին տնտեսական գործունեության օրինապահ մասնակիցների համար առավել բարենպաստ պայմանների ստեղծումն է, մասնավորապես՝ մաքսային մարմիններում ապրանքների մաքսային հսկողության և ձևակերպումների հետ կապված ընթացակարգերի արագացումը, պահանջվող փաստաթղթերի կրճատումը, ապրանքների վերաբերյալ ստացված տեղեկությունների վերլուծության հիման վրա ռիսկերի կառավարման համակարգի շրջանակներում ապրանքների նկատմամբ մաքսային հսկողության ձևերի և իրականացման ծավալների նվազեցումը, որոնք կհանգեցնեն սահմանին ապրանքների բացթողնման և սպասելաժամանակի էական կրճատմանը։
««Պարզեցված մաքսային միջանցքի» ներդրման և գործարկման համատեքստում էական նշանակություն ունի նաև Մեղրիի սահմանային անցման կետի՝ ներկայումս իրականացվող արդիականացման գործընթացը՝ անհրաժեշտ շենքային պայմանների, ենթակառուցվածքային հնարավորությունների և տեխնիկական հագեցվածության ապահովման տեսանկյունից, ուստի «Պարզեցված մաքսային միջանցքի» լիարժեք ներդրումը հնարավոր կլինի ընթացող շինարարության ավարտից հետո»,- նշված է նախագծում:



