Ռուսաստանը մտադիր չէ իր միջնորդությունը պարտա...

Ռուսաստանի մոտեցումները հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցում չեն փոխվել։ Մոսկվան հանդես է գալիս Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատման, անվտանգության ապահովման և տարածաշրջանի զարգացման օգտին։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Միխայիլ Կալուգինը։

Նրա խոսքով՝ Ռուսաստանը շարունակում է աջակցել Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորմանը հիմնական ուղղություններով՝ խաղաղության պայմանագրի կնքում, տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակում, սահմանազատում և հասարակությունների միջև շփումների զարգացում։

«Կարևոր է ապահովել խաղաղ գործընթացի անշրջելիությունը՝ հավասարակշռված որոշումների և փոխադարձ վստահության ամրապնդման միջոցով»,- ասել է Կալուգինը։

Նա նշել է, որ Ռուսաստանի մասնակցությամբ եռակողմ ձևաչափն ի սկզբանե ուղղված էր փոխընդունելի լուծումների որոնմանը՝ հաշվի առնելով բոլոր կողմերի շահերը։ Դիվանագետի խոսքով՝ 2020-2022 թվականներին Մոսկվայի միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածություններն ու մշակված մոտեցումները շարունակում են արդիական մնալ։

Կալուգինն առանձնահատուկ ուշադրություն է դարձրել տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման հարցերով եռակողմ հանձնաժողովի աշխատանքին, որը գլխավորում էին Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետները։ Նրա խոսքով՝ մինչև 2023 թվականը կողմերը մոտ էին կոնկրետ որոշումների ընդունմանը։

Մասնավորապես, քննարկվում էր Ադրբեջանի հիմնական տարածքի և Նախիջևանի միջև Սյունիքի մարզով հաղորդակցության վերականգնումը, ինչպես նաև Հայաստանի երկաթուղային ենթակառուցվածքների ապաշրջափակումը՝ դեպի Թուրքիա, Իրան և Ռուսաստան ելքով։

«Եթե Երևանը չհրաժարվեր համատեղ աշխատանքից, այդ պայմանավորվածությունների իրականացման կոնկրետ արդյունքները՝ տարածաշրջանում կառուցված և վերականգնված հաղորդակցությունների տեսքով, մենք կարող էինք տեսնել արդեն 2027 թվականին»,- հայտարարել է Կալուգինը։

Նա հղում է արել ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի խոսքերին, որը 2026 թվականի ապրիլին «մեծ սխալ» էր անվանել հաղորդակցությունների ապաշրջափակման բանակցային գործընթացում Ռուսաստանի ներգրավվածությունը չցանկանալը։

Կալուգինը անդրադարձել է նաև Սյունիքում «Թրամփի ճանապարհներ» նախագծին՝ նշելով, որ այն շատ առումներով կրկնում է նախորդ տարիներին մշակված մոտեցումները։ Միաժամանակ, նրա խոսքով, նախագծի վերաբերյալ դեռ բազմաթիվ հարցեր կան, այդ թվում՝ ենթակառուցվածքների կառուցման և շահագործման պարամետրերի, ժամկետների և նախատեսվող բեռնահոսքերի վերաբերյալ։

«Ըստ էության, դրա թիրախային ցուցանիշներից ոչ մեկը հրապարակված չէ»,- ասել է դիվանագետը։

Միևնույն ժամանակ Կալուգինը ընդգծել է, որ Ռուսաստանը մտադիր չէ իր միջնորդությունը պարտադրել Հայաստանին և Ադրբեջանին։

«Մենք միշտ պատրաստ ենք ընկերական կերպով արձագանքել Երևանի և Բաքվի խնդրանքին և ցուցաբերել պահանջվող աջակցությունը՝ Հարավային Կովկասում խաղաղության և բարեկեցության հնարավորինս արագ հասնելու նպատակով»,- հայտարարել է նա։