Ռուսաստանը կփորձի միջամտել Հայաստանում խորհրդ...

Վաշինգտոնի ներգրավվածությունը Հարավային Կովկասում և Հայաստանի ու Ադրբեջանի հետ համաձայնագրերի կնքումը Մոսկվայի տեսանկյունից կարող են ազդարարել տարածաշրջանից Ռուսաստանի դուրսմղման սկիզբը։ Այդ մասին նշված է Էստոնիայի արտաքին հետախուզության ծառայության 2026 թվականի զեկույցում: Փաստաթղթի համաձայն՝ դա սպառնալիք է Կրեմլի աշխարհաքաղաքական շահերին:

Նշվում է, որ Ռուսաստանը ամերիկյան նախագծի հաջողությունը դիտարկում է որպես սպառնալիք՝ նաև Կենտրոնական Ասիայում իր ազդեցության և դիրքի համար:

Ըստ զեկույցի՝ ի պատասխան՝ Ռուսաստանը կանի ամեն ինչ՝ վիժեցնելու Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքումը և «նախագահ Դոնալդ Թրամփի անունով տարանցիկ միջանցքի ստեղծումը»:

«Քանի որ ռուս-ադրբեջանական հարաբերությունների բնույթը զգալիորեն փոխվել է 2025 թվականի ընթացքում, նախագահ Թրամփի նախաձեռնությունը խափանելու՝ Մոսկվայի լավագույն միջոցը Հայաստանի ներքին քաղաքականությանը միջամտելն է: Այսպիսով, Ռուսաստանը, հավանաբար, 2026 թվականին Հայաստանի վրա ազդեցության լայնածավալ արշավ կսկսի։ Այն ուղղված կլինի Հայաստանում խորհրդարանի ընտրությանը միջամտելուն, վարչապետ Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելուն և ազգայնական թվացող, բայց, ըստ էության, Ռուսաստանի վերահսկողության տակ գտնվող կառավարության հաստատմանը»,- ասված է Էստոնիայի արտաքին հետախուզության ծառայության զեկույցում: