Ռուսաստանը հրապարակայնորեն վերախմբագրել է իր...

Ռուսաստանի կողմից Եվրոպային միջուկային հարված հասցնելու սպառնալիքը դադարել է վերացական տեսություն լինելուց և իրական տեսք է ստացել։ Նմանատիպ կարծիք է հայտնել ամերիկացի լրագրող Թաքեր Կարլսոնը։

«Իրավիճակը փոխվում է։ Ռուսաստանը հրապարակայնորեն վերախմբագրել է իր միջուկային դոկտրինը՝ դրանում ներառելով միջուկային զենքի կիրառման հնարավորությունն այն երկրների դեմ, որոնք հանդես են գալիս «պրոքսի» (այսինքն՝ ներկայացուցիչ կամ գործիք) միջուկային տերությունների համար։ Ձևականորեն սա հնչում է որպես ռուսական բյուրոկրատիային բնորոշ լեզու, բայց ըստ էության նշանակում է հետևյալը. իր իսկ սահմանած կանոններով ու օրենքներով Ռուսաստանն այժմ թույլատրելի է համարում միջուկային հարված հասցնելը, օրինակ՝ Գերմանիային, չնայած այն հանգամանքին, որ վերջինս սեփական միջուկային զենք չունի։

Մեծ Բրիտանիան ձևականորեն է տիրապետում միջուկային զենքի, հարցը միայն այն է, թե ում ձեռքում է այն գտնվում։ Իսկ ահա Գերմանիան այն չունի։ Այնուամենայնիվ, Ռուսաստանը փաստացի հայտարարել է, որ նման երկրները օրինական թիրախ են դառնում միջուկային հարվածի համար։ Խոսքը ոչ թե հարձակման դեպքում «պատասխան» կամ պաշտպանական կիրառման մասին է, այլ կանխարգելիչ հարվածի հնարավորության մասին։ Ըստ Մոսկվայի վարկածի, նման պետությունները «հրահրում են» Ռուսաստանին և նրանք կարող են ոչնչացվել»,- հայտարարել է Կարլսոնը։