Ռուսաստանը և Ղրղզստանը համաձայնագրեր են ստորագրել միգրացիայի, առողջապահության և կրթության ոլորտներում։ Այդ մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
Փաստաթղթերն ստորագրվել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Ղրղզստան կատարած պետական այցի ընթացքում։ Դրանց ցանկը հրապարակվել է Կրեմլի կայքում։
Փաստաթղթերի ստորագրման արարողության ժամանակ կողմերը փոխանակել են 2017 թ. հունիսի 20-ի՝ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցության զարգացման վերաբերյալ պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին արձանագրություն։
ՌԴ-ն և Ղրղզստանը համաձայնագիր են ստորագրել բնակչության սանիտարական-համաճարակաբանական բարեկեցության ապահովման բնագավառում համագործակցության մասին։ Նաև ՌԴ կառավարության և Ղրղզստանի նախարարների կաբինետի միջև համաձայնագիր է ստորագրվել ՌԴ-ում և Ղրղզստանում ներքին գործերի ու միգրացիայի հարցերով իրավասու մարմինների ներկայացուցչությունների իրավական կարգավիճակի մասին։
Բացի այդ, համաձայնագիր է ստորագրվել Ղրղզստանում ՌԴ առաջին նախագահ Բորիս Ելցինի անվան Ղրղզառուսական սլավոնական համալսարանի բուհական ավանի կառուցման պայմանների վերաբերյալ։
Դրանից բացի, կողմերը կնքել են երկու երկրների առողջապահության նախարարությունների միջև սրտաբանության բնագավառում փոխըմբռնման վերաբերյալ հուշագիր, ՌԴ տնտեսական զարգացման նախարարության և Ղրղզստանի Հանրապետության էկոնոմիկայի ու առևտրի նախարարության միջև ռազմավարական պլանավորման ոլորտում համագործակցության վերաբերյալ հուշագիր։
Նաև համաձայնագիր է ստորագրվել «Ռուսաստանի փոստ» բաժնետիրական ընկերության և «Կիրգիզ պոչտասի» բաց բաժնետիրական ընկերության միջև։



