Ռուսաստանը և Չինաստանը քննարկում են «Բայկալի ուժ» (նախկին «Սիբիրի ուժ - 2») գազատարի նախագիծը՝ ՌԴ-ից ՉԺՀ ռուսական գազ մատակարարելու համար: Այս մասին հայտնել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը էներգետիկ համագործակցության հարցերով ռուս-չինական միջկառավարական հանձնաժողովի նիստի ընթացքում, հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Կայուն կերպով աճում է խողովակաշարային գազի արտահանումը «Սիբիրի ուժ» գազատարով: Նախապատրաստում ենք «հեռավոր-արևելյան» երթուղու գործարկումը և շարունակում ենք երկխոսությունը դեպի Չինաստան ռուսական գազի մատակարարման այլ հեռանկարային ուղղությունների շուրջ, ներառյալ «Բայկալի ուժ» նախագիծը», - ասել է նա:
Ավելի վաղ Նովակն ասել էր, որ քննարկվում են նախագծով գազի մատակարարման երթուղին և կոմերցիոն պայմանները:
Ռուսաստանից Չինաստան «Բայկալի ուժ» («Սիբիրի ուժ - 2») մայրուղային գազատարի նախագիծը ենթադրում է Մոնղոլիայի տարածքով 50 միլիարդ խորանարդ մետր գազի մատակարարում: ՌԴ-ն և ՉԺՀ-ն 2025 թվականին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի Չինաստան կատարած այցի արդյունքում ստորագրել են իրավաբանորեն պարտադիր հուշագիր «Սիբիրի ուժ - 2»-ի և Մոնղոլիայի տարածքով «Սոյուզ Վոստոկ» տարանցիկ գազատարի կառուցման մասին:
ՌԴ էներգետիկայի նախարար Սերգեյ Ցիվիլյովն ավելի վաղ ասել էր, որ «Սիբիրի ուժ - 2» գազատարի նախագիծը գտնվում է շինարարությանն անցնելու եզրափակիչ փուլում:



