Ռուսաստանը ցանկանում է դուրս բերել Արցախի ռազ...

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը իշխանության գալիս երեք խնդիր ուներ՝ Արցախը հանձնել Ադրբեջանին, Հայաստանում ուժեղացնել հակառուսական տրամադրությունները՝ հասնելով ռուսական ռազմաբազայի դուրսբերմանը եւ կատարել աշխարհաքաղաքական փոփոխություն դեպի Արեւմուտք: Այս մասին այսօր՝ հունվարի 3-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը:

«Արցախը հանձնելու առաջին փորձը եղավ 2020 թվականի պատերազմում, բայց ռուսական զորքերը դա կարողացան կանգնեցնել: Հակառուսական տրամադրությունների մասով որոշակի բաների հասել են: Այս մասով իշխանությունը հաջողություն ունի, եւ եթե այսպես էլ մնա, տենդենցը շարունակվելու է: Աշխարհաքաղաքական ուղղվածության հարցը նկատելի է դառնում վերջին մի քանի ամիսներին: Ռուսաստանի նախագահի խոսնակի մակարդակով անգամ Հայաստանի պաշտոնյաների հայտարարությունները որակվում են որպես սադրանք, հակառուսականություն: Հակառուսականությունը ուժեղացվում է հատկապես այն ժամանակ, երբ Ռուսաստանը Ուկրաինայի հետ խնդրում հաջողության չի հասել»,- ասաց Բադալյանը:

Արմեն Բադալյանի կարծիքով՝ Ադրբեջանն իրականում լավ է հասկանում, որ եթե Հայաստանը հրաժարվում է Արցախից, ապա Ռուսաստանը չի հրաժարվի: Ռուսաստանն արդեն երկու գործոն ունի Արցախում՝ խաղաղապահ ուժերը եւ Ռուբեն Վարդանյանը:

«Որոշ ժամանակ անց հնարավոր է, որ ռազմական ոլորտն ամբողջովին դուրս բերվի Արայիկ Հարությունյանի հսկողությունից եւ տրվի Ռուբեն Վարդանյանին: Այսինքն՝ Ռուսաստանը ցանկանում է ամբողջությամբ դուրս բերել Արցախի ռազմական ոլորտը Հայաստանի հսկողությունից, դրա համար էլ Ադրբեջանը պահանջում է Ռուբեն Վարդանյանի հեռացումը: Իրենք հասկանում են, որ Ռուբեն Վարդանյանն այնտեղ մարդկանց հույս է տալիս, որ  Ռուսաստանը որեւէ բան կանի: Ուկրաինայի ռեսուրսներն արդեն մոտ են ավարտին: Եվ հաշվարկներ կան, որ Ռուսաստանը խոշոր հաջողությունների կհասնի եւ այդ պարագայում այդ տեսակի Ռուսաստանին դու անգամ չես էլ փորձի հանել Կովկասից: Դրա համար էլ այժմ գործողություններն այդքան արագացված են»,- նշեց Բադալյանը:

Քաղտեխնոլոգը նկատում է, որ Արցախի շրջափակումն ու իշխանության կողմից հակառուսականության ակտիվացումը համընկան։ Չէր եղել այնպես, որ տոնական ուղերձում իշխանությունը քննադատություն հղեր։ Սա հերթական գծի մի հանգրվանն է:

«Արցախը չի կարող ամիսներ շարունակ մնալ շրջափակված, ճանապարհն ինչ-որ կերպ պետք է բացվի: Այն երկար փակ մնալ չի կարող, որովհետեւ դա վնասում է ոչ միայն Արցախի բնակիչներին, այլեւ խաղաղապահների խնդիրը կա։ Ի վերջո, Արցախում գտնվող խաղաղապահներին զենք-զինամթերք, սնունդ է պետք, նյութատեխնիկական անհրաժեշտ բաներ, որոնցից նրանք զրկված են»,- ընդգծեց Բադալյանը։