Ռուսաստանում Փաշինյանին համարում են ոչ վստահե...

Պուտին-Փաշինյան հանդիպման արձագանքները ռուսական հասարակության ներսում բավական հետաքրքիր են եւ զուտ որպես արձագանք, եւ որպես Հայաստանի գործող իշխանությունների հանդեպ վերաբերմունքի դրսեւորում եւ հայ-ռուսական հարաբերություններում ներկա պահին եղած խնդիրների արտացոլում։

Արձանագրենք, որ ի տարբերություն դիվանագետների, քաղաքական գործիչների, հասարակ քաղաքացիները առանձնապես էթիկետ պահելու խնդիր չունեն եւ ասում են այն, ինչ մտածում են, ինչը ավելի ռեալ պատկերն է ուրվագծում։ Ընդհանուր տրամադրությունները, որ առկա է Հայաստանի գործող իշխանությունների հանդեպ ռուս հասարակության մեջ, ընդգծված բացասականն է։

Մարդիկ Փաշինյանին համարում են ոչ վստահելի գործընկեր կամ դաշնակից, «սորոսական ձեռնասուն», նողկալի մարդ, որի պատճառով Հայաստանը ծանր պարտություն կրեց Ղարաբաղյան պատերազմում։ Համարում են, որ Փաշինյանի կտրուկ ռուսամետ դառնալը խիստ կասկածելի է, որ Պուտինը հարկ է, որ չվստահի Փաշինյանին եւ նույնիսկ տարրական դիվանագիտական էթիկետը չպահպանի Փաշինյանի հետ, քանի որ բոլորին է պարզ, թե ով է Փաշինյանը, իսկ նման մարդու հետ հանդիպելն իսկ նեգատիվ կարող է անդրադառնալ հանդիպողի հեղինակության վրա։

Եթե արձագանքների էմոցիոնալ ֆոնը մի կողմ դնենք, ապա կունենանք այն պատկերը, որը առկա է հայ-ռուսական հարաբերություններում սկսած այն պահից, երբ Հայաստանում իշխանության եկավ Նիկոլ Փաշինյանը։ Իսկ դա վստահության դեֆիցիտով, կնճռոտ բազմաթիվ հարցերով հարաբերություններն են, ուղեկցված «բազմավեկտորայնության խաղերով»։

Ուշագրավ է այն, որ շարքային ռուս քաղաքացիները խորհուրդ են տալիս որ «ավելի լավ է լինել կամ մուրճի հետ կամ զնդանի, քան երկուսի արանքում», ինչը հստակ ազդակ է, որ չի կարելի միանգամից երկու աթոռի նստել, հակառակ դեպքում՝ երկուսից էլ կարող ես ընկնել։