Ռուսաստանում իշխանությունները շարունակում են...

 Այն բանից հետո, երբ Ռուսաստանում Ալեքսեյ Նավալնին կարողացավ որոշակի խլրտում մտցնել հասարակության մեջ, կապ չունի ինչ ծավալով, սակայն այն, որ այդ խլրտումը մտավ, դա փաստ է, եւ նախագահ Պուտինը հայտարարեց, որ այո, ժողովրդի մեջ կա իշխանությունների հանդեպ դժգոհություն եւ իշխանությունները այս ուղղությամբ պետք է աշխատեն, որպեսզի թույլ չտան, որ արտաքին ուժերը այդ դժգոհությունը խաղարկեն եւ երկրում անկայունություն փորձեն սերմանել, հասկանալի էր, որ իշխանությունները դոզայավորված կերպով սկսելու են անել քայլեր, որոնք կփորձեն մեղմել դժգոհությունները ու դրանք առաջին հերթին միտված կլինեն այն ոլորտներին, որոնք առավել աչքի են ընկել հասարակության ներսում ստեղծած դիսկուրսով։ Մասնավորապես, դատելով ռուսական կառավարության քայլերից, իշխանությունները որոշել են կենսաթոշակային հարցերում գնալ որոշակի փոխզիջումների եւ արդեն երկրորդ միջոցառումն են իրականացնում այս ոլորտում․ առաջին ստաժի հաշվարկի հետ կապված փոփոխություններն էին, հօգուտ աշխատողների։ Այս փոփոխությամբ վաղաժամ թոշակի անցնելու կարգը դյուրացվում է։

Դյուրացումը վերաբերում է հատկապես՝ ուսուցիչներին, բժիշկներին, հրշեջներին եւ օդաչուներին։ Որոշումը արդեն ստորագրվել է վարչապետ Միխայիլ Միշուստինի կողմից։ Դյուրացված կարգը հիմնվում է նախորդ որոշման վրա, որով հօգուտ աշխատողի ստաժի հաշվարկման կարգն էր փոխել, ներառելով նաեւ ուսումնական շրջանների, վերապատրաստումների շրջանների որպես ստաժ հաշվարկելու մեթոդը։ Այժմ արդեն, եթե այդ վերահաշվարկից հետո լրանում է ստաժի նվազագույն տարեչափը, ապա անձը կարող է վաղաժամ գնալ թոշակի։

Սա սոցիալական ֆակտոր ունեցող միջոցառումից բացի նաեւ քաղաքական երկկողմանի նշանակություն ունի՝ նախ դժգոհությունն է մեղմվում հասարակության, որովհետեւ անձը կարող է վաղաժամ գնալ թոշակի, եւ կենսաթոշակային բարեփոխումներով տարիքային շեմի խնդիրը կարծես թե մասնակիորեն հաղթահարվում է եւ բացի այդ, ընթացիկ տարին նախընտրական է Ռուսաստանում՝ աշնանը Դումայի ընտրություններ են, եւ իշխանությունը փորձում է սիրաշահել ընտրողներին․ ի դեպ, «Եդինայա Ռոսիան» հենց միջին սերնդի մոտ է առավել շատ հեղինակություն վայելում։