Արդեն 2-3 օր է, ինչ Ռուսաստանը տեղակայում է իր խաղաղապահ առաքելությունը Լեռնային Ղարաբաղում։ Պարբերաբար ռուսական ՊՆ-ն հաղորդում է առաքելության տեղակայման մանրամասների, մասնավորապես՝ ռազմատրանսպորտային օդանավներով առաքելության անձնակազմի եւ անհրաժեշտ նյութատեխնիկական բազայի, սպառազինության, տրանսպորտային միջոցների եւ մյուս ատրիբուտների տեղափոխման մասին։ Զուգահեռաբար, գոնե երեկվանից լուրեր պտտվեցին, որ նույնիսկ Երեւանի երկնքում թուրքական «Բայրաքտար» անօդաչուներ են պտտվում։ Թուրքիան այս մի քանի օրերի ընթացքում փորձում էր ամեն կերպ խաղաղապահ առաքելության մեջ խցկվել։ Բաքուն կարծես թե ամեն կերպ դրան աջակցում էր, սակայն երեկ վերջնականապես նույնիսկ Մոսկվայում ադրբեջանական դեսպանը հաստատեց, որ Թուրքիան խաղաղապահ առաքելությանը մասնակցելու է զուտ Ադրբեջանի տարածքում գտնվելիք մոնիթորինգային կենտրոնից՝ տեխնիկական դիտարկիչի դերակատարումով։ Այսինքն, թե՝ թուրքական խաղաղապահի ոտք կարծես թե Արցախ չի մտնելու։ Իրավիճակն ինչ խոսք, հետաքրքիր է, չասելու համար՝ ինտրիգային՝ ռուս-թուրքական հարաբերությունների մասով։ Անկարան «Բայրաքտար»-ները հենց այնպես չի բարձրացնում օդ։ Ամենայն հավանականությամբ, հաշվի առնելով, որ ռուսների ձեռքերը ամբողջովին ազատ են իրենց առաքելության իրականացման հարցում, թուրքերը սկսել են չվստահել ռուսներին, եթե իհարկե, մինչեւ այս վստահում էլ էին։ Օրինակ, կա կարծիք, որ անօդաչուներով նրանք փորձում են հաշվարկել, թե որքան զորք ու սպառազինություն կամ այլ ատրիբուտ է տեղափոխվում Ղարաբաղ ռուսների կողմից, եւ արդյոք պայմանավորված թիվը չի գերազանցվում։ Սա արդեն բավական հստակ ցույց է տալիս, որ իրականում ռուս-թուրքական գործակցության որակը, ինչպես ռուս փորձագետներն են նկատում «ճամփի ընկերություն» է, եւ ոչ ավելին։



