Ռուսաստանի ՊՆ-ն Ուկրաինային մեղադրել է ռուսակ...

Ուկրաինայի զինված ուժերը 2025 թվականի սկզբից անօդաչու թռչող սարքերի միջոցով ՌԴ զինված ուժերի դիրքերի վրա են նետում «Սի Էս» (CS) թունավոր նյութ: Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը, այդ մասին ճեպազրույցի ընթացքում հայտնել է ՌԴ զինված ուժերի ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի պետ գեներալ-մայոր Ալեքսեյ Ռտիշչևը:

«2025 թվականի սկզբից Ուկրաինայի զինված ուժերն, օգտագործելով անօդաչու թռչող սարքեր, կանոնավոր կերպով Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի դիրքերի վրա են նետում CS նյութով և քլորոպիկրինով կոնտեյներներ: Մասնավորապես, նման փաստեր են նկատվել Խարկովի մարզի Լիման Պերվի գյուղի և Բելգորոդի մարզի Կոլոտիլովկա բնակավայրի տարածքում», - հայտարարել է Ռտիշչևը:

Ավելի վաղ Նիդեռլանդների և Գերմանիայի հետախուզական գործակալությունները հայտարարել էին, որ ապացույցներ ունեն Ուկրաինայում Ռուսաստանի կողմից արգելված քիմիական զենքի լայնածավալ օգտագործման վերաբերյալ։ Իր հերթին 2024 թ. մայիսին ԱՄՆ-ն առաջին անգամ ՌԴ-ին մեղադրել էր քլորոպիկրին օգտագործելու մեջ։