Ռուսաստանի նավթի արտահանումը կտրուկ աճել է․ ծ...

Նախորդ շաբաթվա ընթացքում ծովային ճանապարհով ռուսական հում նավթի մատակարարումների արժեքն աճել է 430 միլիոն դոլարով՝ հասնելով 2,76 միլիարդ դոլարի։ Այս մասին հաղորդում է Bloomberg-ը։

Սա ամենաբարձր շաբաթական ցուցանիշն է Ռուսաստանի կողմից Ուկրաինայում ռազմական գործողությունների ծավալումից ի վեր։ Աճը հիմնականում պայմանավորված է մատակարարումների ավելի մեծ ծավալներով։

Նշված ժամանակահատվածում 37 լցանավ բեռնել է մոտավորապես 26,93 միլիոն բարել ռուսական հում նավթ։ Դրան նախորդող շաբաթվա ընթացքում 31 նավ տեղափոխել էր 21,87 միլիոն բարել։

Այսպիսով՝ մատակարարման ծավալներն աճել են 5,06 միլիոն բարելով կամ մոտ 23%-ով։

Մատակարարումների ծավալի աճը Ռուսաստանին օգնել է փոխհատուցել Urals տեսակի նավթի գնի անկումը։ Դրան նպաստել է նաև հիմնականում ասիական երկրներ արտահանվող ESPO տեսակի նավթի գնի աճը։

2,76 միլիարդ դոլար կազմող ռեկորդային ցուցանիշն արտացոլում է առաքված նավթի գնահատված արժեքը, այլ ոչ թե այն գումարը, որն արդեն իսկ մուտքագրվել է Ռուսաստանի բյուջե։

Մինչև հոկտեմբերի 25-ն ընկած չորս շաբաթվա ընթացքում Ռուսաստանից ծովային ճանապարհով նավթի արտահանման միջին ծավալը կազմել է օրական 3,55 միլիոն բարել։

Bloomberg-ը նաև հայտնում է, որ Բալթիկ ծովում Ռուսաստանի գլխավոր նավթային նավահանգիստը դադարից հետո վերսկսել է աշխատանքը։

Միևնույն ժամանակ նշվում է, որ մեկ շաբաթվա ընթացքում մատակարարումների կտրուկ աճը դեռևս չի վկայում Ռուսաստանից նավթի արտահանման միջին ծավալի կայուն աճի մասին։