Կորեայի ժողովրդական բանակի (ԿԺԲ) վաշտերի հրամանատարները պետք է ապահովեն իրենց ստորաբաժանումների լիակատար պատրաստվածությունը պատերազմին՝ անընդհատ և ինտենսիվ վարժանքների միջոցով: Նման պահանջ է ներկայացրել ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընը ԿԺԲ վաշտերի հրամանատարների III խորհրդակցության մասնակիցների հետ հանդիպմանը, հայտնել է Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Վաշտերի հրամանատարների առաջնահերթ հեղափոխական խնդիրը ստորաբաժանումների մարտական պատրաստվածության ավարտումն է՝ պատերազմին լիակատար պատրաստվածություն ապահովելու համար, իսկ դրա կատարման եղանակը՝ անընդհատ և ինտենսիվ վարժանքները», - գործակալությունը մեջբերում է Կիմ Չեն Ընի խոսքերը:
ԿԺԴՀ առաջնորդն ընդգծել է, որ վաշտերի հրամանատարները պետք է ստեղծեն բարձր մարտունակությամբ, հեղափոխական համոզմունքներով և հայրենասիրական ոգով օժտված ստորաբաժանումներ: Նրա խոսքով՝ հենց նման աշխատանքի արդյունքները կդառնան նրանց մասնագիտական և կազմակերպչական ունակությունների ցուցանիշը:
Կիմ Չեն Ընը նշել է, որ Կորեայի ժողովրդական բանակի հզորությունը որոշվում է նչ միայն ժամանակակից սպառազինության առկայությամբ, այլև զինծառայողների քաղաքական-գաղափարական կայունությամբ, ինչպես նաև առանձին ստորաբաժանումների մարտական հնարավորություններով: Նա հայտարարել է զինված ուժերում վերափոխումները շարունակելու մտադրության մասին՝ հենվելով նախևառաջ վաշտերի հրամանատարների վրա:



