Ռուսաստանի լրագրողներին թույլ չեն տվել մուտք...

Նախագահական ընտրությունները լուսաբանելու համար ԱՄՆ ժամանած «Իզվեստիա»-ի թղթակիցների մուտքը երկիր արգելելն անընդունելի է և հակասում է ԶԼՄ-ների ազատության սկզբունքներին, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

«Լրագրողների նկատմամբ նման վերաբերմունքը լավ կողմից չի բնութագրում ԱՄՆ իշխանություններին, հատկապես, որ լրագրողները բոլոր ընթացակարգերն անցել են և մուտքի թույլտվություններ ստացել։ Լրագրողների նկատմամբ նման վերաբերմունքը, իհարկե, հակասում է ԶԼՄ-ների ազատության սկզբունքներին և դա, իհարկե, մեզ համար անընդունելի է»,- ասել է Պեսկովը։

Նշենք, որ «Իզվեստիա»-ի նկարահանող խմբին հոկտեմբերի 29-ի գիշերը պահել են Վաշինգտոնի օդանավակայանում։ Օպերատորի վիզան չեղարկել են՝ պատճառաբանելով, որ վարչարարական խնդիրներ կան, բայց այդ մասին ամերիկյան կողմը տեղյակ չի պահել Միացյալ Նահանգներում Ռուսաստանի դեսպանատանը։