«Վերին Լարս» անցակետում ավելի քան 3 200 բեռնատար սպասում է ռուս-վրացական սահմանով անցնելուն։ Այս մասին հաղորդում է Sputnik գործակալության վրացական ծառայությունը՝ վկայակոչելով Հյուսիսային Օսիայի Ճանապարհային երթևեկության կազմակերպման կենտրոնի հաղորդագրությունը։
Բեռնատարների անցումը Գուդաուրի-Կոբի հատվածով արգելված էր նոյեմբերի 26-ից մինչև 29-ը եղանակային պայմանների պատճառով, ինչի հետևանքով էլ հերթ է գոյացել։
Դեկտեմբերի 1-ի առավոտյան ռուսական կողմից Վրաստան մուտք գործելու է սպասում, ընդհանուր առմամբ, 3 236 բեռնատար։
Կատարված մաքրման աշխատանքների շնորհիվ նոյեմբերի 29-ի երեկոյան հնարավոր է եղել վերականգնել կցորդիչով և կիսակցորդիչով փոխադրամիջոցների երթևեկությունը։
Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոմայրուղին՝ այսպես կոչված Ռազմավիրական ճանապարհը, ներկայում Վրաստանն ու Հայաստանը Ռուսաստանի հետ կապող միակ ցամաքային ճանապարհն է։ Իսկ «Կազբեգի-Վերին Լարս» անցակետը Վրաստանի և Ռուսաստանի ցամաքային սահմանին ներկայում գործող միակ անցակետն է: