Ռուսաստանի և Իրանի խորհրդարանների պատգամավորները քննարկում են, թե օրենսդրական մակարդակով ինչ միջոցներ ձեռնարկել, որպեսի հեշտացվի ՌԴ-ից բեռների տարանցումը Իսլամական Հանրապետության տարածքով դեպի Հարավարևելյան Ասիայի երկրներ: Այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Պետդումայի Տրանսպորտի և տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման հանձնաժողովի անդամ Ռինատ Այուպովը «Հյուսիս-Հարավ միջազգային փոխադրամիջանցք. նոր հորիզոններ» 3-րդ միջազգային համաժողովի ընթացքում։
Հյուսիս-Հարավ միջազգային փոխադրամիջանցքի զարգացումը ենթադրում է, որ հարավ և հարավ-արևելք ուղարկվող բեռների զգալի մասը կտարանցվի Իրանի տարածքով։
«Բառացիորեն այս շաբաթվա սկզբին մենք տեսակոնֆերանսի ձևաչափով հանդիպում ունեցանք Կասպիական տարածաշրջանի, այսպես ասենք, հիմնական գործընկերների՝ Իրանի Իսլամական Հանրապետության խորհրդարանականների հետ։ Եվ այդ տեսակոնֆերանսի ընթացքում մենք քննարկեցինք հենց օրենսդրության հարցերը՝ մեր խորհրդարաններում որոշակի օրենսդրական ակտեր ընդունելու համար՝ Իրանի տարածքով ապրանքների տարանցումը բարելավելու և հեշտացնելու նպատակով», - ասել է Այուպովը։
Նրա տվյալներով՝ խոսքը վերաբերում է այն ապրանքների տարանցմանը, որոնք Ռուսաստանից Հարավարևելյան Ասիայի երկրներ են գնում Իրանի տարածքով՝ Հյուսիս-Հարավ միջազգային փոխադրամիջանցքով, ինչպես նաև հակառակ ուղղությամբ։
Ինչպես hայտնել է «Հյուսիս-Հարավ» Կասպիական միջազգային ինտեգրացիոն ակումբի տնօրեն Դմիտրի Դուբովիկը, արդեն զարգանում են մատակարարումների երթուղիները տարբեր երկրներ՝ Տանզանիայից մինչև Աֆղանստան և Հնդկաստան՝ Իրանի երկաթուղային և նավահանգստային ենթակառուցվածքների օգտագործմամբ։
Հյուսիս-Հարավ միջազգային փոխադրամիջանցքն Ասիայի երկրներից դեպի Եվրոպա Ռուսաստանի տարածքով ուղևորների և բեռների փոխադրման բազմամոդալ երթուղի է։ Այն կապում է, մասնավորապես, Ռուսաստանը, Ադրբեջանը, Իրանը և Հնդկաստանը։ Ընդ որում, Իրանը Ռուսաստանի գործընկերն է մերձկասպյան տարածաշրջանում իրականացվող նախագծերում և ակտիվ առևտրային գործընկերը:



