«Եթե արտաքին գործերի նախարարությունն իրոք գործեր ի նպաստ Ռուսաստանի ազգային շահերի, ոչ թե ադրբեջանական լոբբիստների ազդեցության տակ լիներ, ապա պետք է առաջին հերթին հայտարարություն աներ այն մասին, որ Ադրբեջանը խախտել է եռակողմ համաձայնությունը: Պետք էր ամրագրել այդ խախտումը, եթե արձագանք չստացվեր, ապա անհրաժեշտ կլիներ պահանջել, որ այդ «էկոլոգները» դուրս գան Լաչինի միջանցքից, քանի որ Ադրբեջանական կողմը պետք է կատարի իր պարտավորությունները եռակողմ պայմանագրի շրջանակներում, մինչդեռ խախտում է իր դաշնակցային պարտավորությունները Ռուսաստանի առջև»,- նշում է ռուս քաղաքագետ, քաղաքական գիտությունների դոկտոր Միխայիլ Ալեքսանդրովը Реалист գործակալության հետ ունեցած իր հարցազրույցում:
- Ի՞նչն է խանգարում Ռուսաստանի զինված ուժերին ապաշրջափակելու Ստեփանակերտ-Գորիս մայրուղին:
- Խոսքն այն մասին չէ, որ նրանք պետք է ապաշրջափակեն մայրուղին, հարցն այն է, որ մեր ղեկավարությունը պետք է կողմնորոշվի: ՌԴ-ի ԱԳՆ-ն պետք է ճիշտ գնահատի իրավիճակը, ճիշտ եզրակացություններ անի և ճշմարիտ գնահատականներ տա: Այդ դեպքում գուցե բանը չհասնի էլ մայրուղին ուժային միջոցներով ապաշրջափակելուն: Եթե արտաքին գործերի նախարարությունն իրոք գործեր ի նպաստ Ռուսաստանի ազգային շահերի, ոչ թե ադրբեջանական լոբբիստների ազդեցության տակ լիներ, ապա պետք է առաջին հերթին հայտարարություն աներ այն մասին, որ Ադրբեջանը խախտել է եռակողմ համաձայնությունը:
Պետք էր ամրագրել այդ խախտումը, եթե արձագանք չստացվեր, ապա անհրաժեշտ կլիներ պահանջել, որ այդ էկոլոգները դուրս գան Լաչինի միջանցքից, քանի որ Ադրբեջանական կողմը պետք է կատարի իր պարտավորությունները եռակողմ պայմանագրի շրջանակներում, մինչդեռ խախտում է իր դաշնակցային պարտավորությունները Ռուսաստանի առջև: Դա ամրագրված է դաշնակցային հարաբերությունների մասին հռչակագրում:
Ի՞նչ պատասխան կտա դրան Ադրբեջանը: Դարձյալ կանտեսի՞: Ուրեմն ռուսական կողմը պետք է չեղյալ համարի Ադրբեջանի հետ դաշնակցային հարաբերությունների մասին պայմանագիրը: Եվ դրանից հետո, կարծում եմ, Ադրբեջանը կմտածի և կսկսի այդ էկոլոգներին հանել, եթե ոչ, ապա ռուսական կողմը պետք է այդ չեղյալ հայտարարելու մասին հռչակագիրը փոխանցի Պետդումային, իսկ եթե դա էլ ազդեցություն չունենա, ապա մեր ձեռքերը կազատվեն, որպեսզի դիմենք ուժային գործողությունների, ուժ կիրառենք: Պարտադիր չէ կրակել, այլ մեր 200-300 զինծառայողներին հավաքել և մաքրել այդ տեղը:
Հայաստանում է գտնվում մեր ռուսական բազան, մենք կարող ենք ավելի շատ մարդիկ դնել այդ գոտում: Իսկ եթե Ադրբեջանը կրակ բացի մեր զինծառայողների վրա, ապա մենք պետք է վարվենք այնպես, ինչպես վարվել ենք Սաակաշվիլու վարչակարգի հետ և հարված հասցնենք արդեն Ադրբեջանի ենթակառուցվածքին:
Ես արդեն այդ մասին ասել եմ, ինչի համար էլ ինձ ազատեցին: Ադրբեջանցի փորձագետները կարծում են, որ մենք հիմա խրվել ենք Ուկրաինայի գործողությունում, ուստի կարելի է պարզապես վերցնել ու ջարդել մեր խաղաղապահներին և գրավել ողջ Ղարաբաղը: Ուրեմն նրանք պետք է իմանան, որ հարվածն այնպիսին կլինի, որ ամեն ինչ կաթվածահար կանի, առանց նույնիսկ ամեն տեսակ բախումների ռուսական և ադրբեջանական զինծառայողների միջև:
Նրանք պետք է ծանրութեթև անեն, թե ինչն է իրենց համար ամենից կարևոր, այդ այլանդակությո՞ւնը Լաչինի միջանցքում, թե՞ իրենց ողջ էներգետիկ ենթակառուցվածքը: Կարծում եմ՝ որ Ալիևն այնուամենայնիվ բանական մարդ է, խենթ չէ և պիտի որ ճիշտ որոշում ընդունի տվյալ փուլում: Իսկ եթե վարվի Սաակաշվիլու պես, ապա պատասխանը կստանա տեղը տեղին:
- Ինչո՞ւ արևմտյան խորհրդարանականները ուշադրություն են հրավիրում արցախցի հայերի իրավունքների խախտումների վրա, իսկ ռուս խորհրդարանականները լռում են:
- Որովհետև արևմտյան խորհրդարանականներն անելիք չունեն, նրանք կարող են լեզվով դուրս տալ ինչքան ուզեն, բայց խնդիրը պետք է լուծի Ռուսաստանը, ռուսական խաղաղապահները, ոչ թե ֆրանսիացիներն ու ամերիկացիները: Հետևաբար կարող են բարբաջել ինչքան ուզեն: Բայց եթե մենք ստիպված լինենք ասել «Ա», ապա հարկ կլինի ասել նաև «Բ» և «Գ»: Իրադարձությունների ողջ շղթան ես արդեն նշեցի:
Բայց մեզ մոտ չեն ուզում դա անել, որովհետև մեզանում շատ ուժեղ ադրբեջանամետ լոբբի է գործում, և նրանք չեն ուզում, որ մենք դուրս մղենք այդ էկոլոգներին: Նրանք ցանկանում են Լաչինի միջանցքը դնել Ադրբեջանի հսկողության տակ: Իսկ ՌԴ ԱԳՆ-ն օժանդակում է նրանց այդ հարցում:
- Ի՞նչ նպատակներ են հետապնդում Ալիևը և Մոսկվայի թուրքամետ քաղաքական շրջանակները:
- Սկզբում նրանց նպատակը Լաչինի միջանցքը շրջափակելն էր, այնուհետև մարդկանց հյուծել սովի մատնելով, մեծ մասին ստիպել հեռանալ և հետո ասել, որ այնտեղ ոչ ոք չի ապրում, հետևաբար ռուսական խաղաղապահներն արդեն այնտեղ անելիք չունեն, նրանք այնտեղ 5 տարով են, չէ՞: Ժողովուրդ չկա, նրանց ներկայությունն անիմաստ է: Եվ կստացվի փափուկ էթնիկ զտում՝ ձգված ժամանակի մեջ: Հենց դա էլ անում են:
Աղբյուրը՝ ИА Реалист



