Ռուսաստանի ԱԳՆ-ն ԵՄ պատժամիջոցներից հետո հայտ...

Ռուսաստանի լրատվամիջոցների դեմ Եվրամիության պատժամիջոցներին ի պատասխան՝ Մոսկվան կսահմանափակի 15 եվրոպական ռեսուրսների աշխատանքը։ Այս մասին նշվում է ՌԴ արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։

«Այս տարվա փետրվարին ութ ռուսական հրատարակությունների և տեղեկատվական ալիքների («Eurasia Daily», «Fondsk, Lenta», «News Front», «Rubaltic», «South Front», «Strategic Culture Foundation», «Federal State Budgetary Institution RIC Krasnaya Zvezda») նկատմամբ ԵՄ խորհրդի կողմից հաստատված, այսպես կոչված, 16-րդ պատժամիջոցների «փաթեթի» շրջանակներում ընդունված վերջին սահմանափակումներին ի պատասխան՝ ռուսական կողմը որոշել է հակադարձ սահմանափակումներ մտցնել ոչ հավաստի տեղեկատվության տարածման մեջ ներգրավված դաշինքի անդամ պետությունների տասնհինգ լրատվամիջոցների վեբ ռեսուրսներին Ռուսաստանի Դաշնության տարածքից մուտք գործելու համար»,- նշվել է հայտարարության մեջ։

ՌԴ ԱԳ նախարարության հայտարարության համաձայն՝ պաշտոնական Բրյուսելին և ԵՄ անդամ պետություններին բազմիցս զգուշացվել է, որ ռուսական լրատվամիջոցների դեմ ուղղված արգելքներն ու անհիմն սահմանափակումները, ինչպես նաև քաղաքական դրդապատճառներով ճնշման այլ ձևերը, անպատասխան չեն մնա ռուսական կողմից։ 

Գերատեսչությունը նաև նշել է, որ ռուսական հրատարակությունների և տեղեկատվական ալիքների նկատմամբ սահմանափակումների վերացման դեպքում ռուսական կողմը կվերանայի նաև եվրոպական լրատվամիջոցների վերաբերյալ իր որոշումը։

Ավելի վաղ ԵՄ խորհուրդը ևս 6 ամսով՝ մինչև 2026 թվականի հունվարի 31-ը, որոշում է կայացրել երկարաձգել Ռուսաստանի նկատմամբ սահմանափակող միջոցառումները՝ հաշվի առնելով Ռուսաստանի Դաշնության կողմից Ուկրաինայում իրավիճակն ապակայունացնող շարունակական գործողությունները։ Սահմանափակումների թվում նշվել են նաև «Կրեմլի կողմից աջակցվող մի քանի ապատեղեկատվություն տարածող լրատվամիջոցների հեռարձակման գործունեության և լիցենզիաների կասեցումը Եվրամիությունում»։