Ռուսաստան, Չինաստան և Իրան համատեղ զորավարժու...

Ռուսաստանը, Չինաստանը և Իրանը նավեր են ուղարկել՝ մասնակցելու համատեղ զորավարժություններին, որոնք մոտ ժամանակներս անցկացվելու են Հորմուզի նեղուցում: Այդ մասին «Արգումենտի ի ֆակտի» թերթին տված հարցազրույցում հայտնել է ՌԴ նախագահի օգնական Նիկոլայ Պատրուշևը։

«Հրատապ են «Անվտանգության ծովային գոտի 2026» զորավարժությունները Հորմուզի նեղուցում, ուր իրենց նավերն են ուղարկել Ռուսաստանը, Չինաստանը և Իրանը», - ասել է նա։

Ավելի վաղ իրանական Tasnim գործակալությունը հայտնել էր, որ Իրանը, Ռուսաստանը և Չինաստանը փետրվարի վերջին Հնդկական օվկիանոսի հյուսիսային մասում կանցկացնեն «Անվտանգության գոտի» անվանումը կրող թվով ութերորդ համատեղ ռազմածովային վարժանքները։ Դրանց կմասնակցեն Իրանի ռազմածովային ուժերի, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերի, ինչպես նաև Չինաստանի ու Ռուսաստանի ռազմածովային ուժերի նավերը։

«Անվտանգության գոտի» ռազմածովային զորավարժություններն անցկացվում են 2019 թվականից՝ Իրանի ռազմածովային ուժերի նախաձեռնությամբ։ Դրանք ուղղված են համաշխարհային ծովային առևտրի անվտանգության ամրապնդմանը։ Երեք երկրների ռազմածովային ուժերի համատեղ գործողությունները ներառում են ծովահենության դեմ պայքարը, ծովային ահաբեկչությանը հակազդելը և փրկարարական գործողությունների անցկացումը։

Փետրվարի 16-ին Իրանն անցկացրել է «Խելացի վերահսկողություն Հորմուզի նեղուցի նկատմամբ» ռազմածովային զորավարժությունները Մերձավոր Արևելքում լարվածության և տարածաշրջանում ԱՄՆ-ի ռազմական ներկայության աճի ֆոնին: