Ռուսական ընկերությունը վճարել է ադրբեջանական...

Ռուսական АльфаСтрахование ապահովագրական ընկերությունն ամբողջությամբ վճարել է ավիացիոն ապահովագրական փոխհատուցումը՝ կապված Ղազախստանի Ակտաու քաղաքի մերձակայքում ադրբեջանական AZAL ավիաընկերության Embraer 190 օդանավի կործանման հետ: Այդ մասին «Ինտերֆաքս»-ին հայտնել է ավիացիոն-տիեզերական ապահովագրական ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ Իլյա Կաբաչնիկը:

Ընկերությունը նաև վճարում է ուղևորներին պատճառված վնասի համար։ Ընդ որում, փոխհատուցման գումարը չի հրապարակվել:

Բաքվից Գրոզնի չվերթ իրականացնող AZAL ավիաընկերության Embraer ինքնաթիռի կործանումը տեղի է ունեցել 2024 թվականի դեկտեմբերի 25-ին։ Ինքնաթիռն ուղղություն է վերցրել դեպի Ակտաու՝ Գրոզնիում վայրէջք կատարելու երկու անհաջող փորձից հետո։

Չհասնելով Ղազախստանի օդանավակայան՝ այն կործանվել է. Ինքնաթիռում եղել է 67 մարդ (42-ը՝ Ադրբեջանի, 16-ը՝ Ռուսաստանի, 6-ը՝ Ղազախստանի, 3-ը՝ Ղրղզստանի քաղաքացիներ), նրանցից 38-ը զոհվել են։ Ղազախստանի տրանսպորտի նախարարության կողմից հրապարակված վթարի հետաքննության նախնական զեկույցի համաձայն՝ ինքնաթիռը վնասվել է «արտաքին առարկաներից»՝ նախքան գետնին բախվելը, ինչի հետևանքով հիդրավլիկ հեղուկի/ճնշման կորուստ է եղել։ Նախաքննությունը շարունակվում է։