Ռուս խաղաղապահները շարունակում են Լաչինի միջա...

Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի զինծառայողները շարունակում են վերազինել անցակետերը Լաչինի միջանցքում, հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

«Դիտակետերը կահավորվում են «Բլոկպոստ» ամրաշինական կառույցներով, որոնք նախատեսված են զինծառայողներին հրաձգային զենքերից և բեկորներից պաշտպանելու, ինչպես նաև մերձակա տարածքի շրջանաձև հսկողություն իրականացնելու համար», – նշված է հաղորդագրությունում:

Ներկայումս ռուս խաղաղապահներն իրականացնում են իրավիճակի շուրջօրյա մոնիթորինգ և վերահսկում են հրադադարի ռեժիմի պահպանումը:

Գերատեսչությունը հավելում է, որ ռուս խաղաղապահներն ապահովում են Լաչինի միջանցքով քաղաքացիական մեքենաների անվտանգ երթևեկությունը և բնակիչների տեղաշարժը, սննդամթերքի և տարբեր ապրանքների տեղափոխումը, ուղեկցում են ենթակառուցվածքային օբյեկտների վերականգնման ուղղությամբ առաջադրանքներ կատարող նորոգող խմբերին և ապահովում են նրանց անվտանգությունը: