
Եկեղեցուն աջակցող հայտարարության համար գործարար և բարերար Սամվել Կարապետյանը հայտնվեց իշխանությունների թիրախում։ Դրան անմիջապես հաջորդեց ապօրինի հետապնդման գործընթաց, որն ավարտվեց նրա կալանավորմամբ։
Իշխանությունները կալանավորմանը զուգահեռ սկսել են տեղեկատվական արշավ՝ Կարապետյանի դեմ։ Պաշտոնական ու կիսապաշտոնական հարթակներում շրջանառվում է թեզ, թե իբր նա մտել է քաղաքականություն՝ ՀԷՑ-ը կորցնելու վախից, և ողջ գործընթացը ուղղված է իր կապիտալը պաշտպանելուն։ Սակայն ցանկացած բանական մարդ գիտի, որ Սամվել Կարապետյանի բիզնես գործունեությունը կենտրոնացած է արտերկրում, իսկ հիմնական կապիտալն էլ ձևավորվել է այնտեղ։ Ավելին՝ այդ կապիտալի զգալի մասը տարիներ շարունակ ներդրվել է Հայաստանում՝ բարեգործական ծրագրերի միջոցով։
ՀԷՑ-ը Կարապետյանների ունեցվածքի առանցքը չէ, և դրա հնարավոր կորուստը չի կարող լուրջ վտանգ ներկայացնել նրա համար։ Ուստի՝ իշխանության քարոզչական թեզերը իրականության մեջ արագ փլուզվեցին։ Քաղաքացիների մեծամասնության համար այդ փաստերը վաղուց էին հայտնի, և հակառակը համոզել՝ գրեթե անհնար էր։
Երբ քարոզչական դաշտում Փաշինյանի իշխանությունը հայտնվեց փակուղու առաջ, օգնության հասավ Սերժ Սարգսյանը։ Նրա կուսակիցները՝ հանրության կողմից մերժված լինելու պայմաններում, Սամվել Կարապետյանի նկարներով դուրս եկան փողոց ու սկսեցին արտահայտել իրենց աջակցությունը նրան։ Սա դարձավ քարոզչական ռումբ՝ հենց Սամվել Կարապետյանի դեմ։
Սերժ Սարգսյանը երկար ժամանակ է՝ հանրային ընկալման մեջ համարվում է մերժված, և շատ դեպքերում մարդիկ հակվում են չվստահել յուրաքանչյուրին, ում աջակցում է նա։ Սա ոչ թե սուբյեկտիվ կարծիք է, այլ պարզ և հաստատված իրողություն։
Իշխանությունը չուշացավ այս նվերը օգտագործելու հարցում։ Շատ արագ փորձ արվեց Կարապետյանին նույնացնել հանրության կողմից մերժված երրորդ նախագահի հետ։ Քարոզչական շեշտադրումները կտրուկ կարող է շուռ տալ հանրային տրամադրությունները։
Բարերար Սամվել Կարապետյանը և նրա ընտանիքը պետք է հաշվի առնեն այս հանգամանքը, եթե ունեն քաղաքական մասնակցության պլաններ։ Ցանկացած խելամիտ քաղաքական հաշվարկ ենթադրում է հնարավորինս հեռու մնալ Սերժ Սարգսյանից՝ պահպանելու համար հանրային վստահությունը։
Եթե ցանկությունը ոչ միայն քաղաքական մասնակցություն ունենալն է, այլև դիրքեր ամրապնդելը, ապա կարելի է նույնիսկ հակառակ քայլն անել՝ կազմակերպել հրապարակային քննադատություն Սարգսյանի ու նրա թիմի կողմից։ Հենց այդ դեպքում հնարավոր է արձանագրել վարկանիշի կտրուկ աճ, ինչը լրջորեն կթուլացնի Փաշինյանի դիրքերը։