Ռուբիոն «կառուցողական և դրական» հանդիպում է ո...

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հուլիսի 11-ին  Կուալա Լումպուրում ԱՍԵԱՆ-ի գծով խորհրդակցությունների շրջանակներում հանդիպում է անցկացրել Չինաստանի արտգործնախարար Վան Իի հետ՝ այն որակելով որպես «կառուցողական և դրական»։ Հանդիպումից հետո լրագրողների հետ Ռուբիոյի զրույցը հեռարձակվել է CNBC-ով։

«Մենք շատ կառուցողական հանդիպում ունեցանք: Իհարկե, մենք երկու մեծ և հզոր երկրներ ենք։ Միշտ կլինեն թեմաներ, որոնց շուրջ մենք համաձայն չենք լինի: Բայց կարծում եմ, որ կան հնարավոր համագործակցության ոլորտներ: Կարծում եմ, որ դա շատ կառուցողական և դրական հանդիպում էր: Մենք շատ անելիքներ ունենք», - ասել է Ռուբիոն։ 

Պետքարտուղարը հավելել է, որ Միացյալ Նահանգների և Չինաստանի երկկողմ հարաբերություններում մնում են խնդիրներ, որոնք լուծում են պահանջում: Նրա կարծիքով՝ երկու կողմերն էլ պետք է լինեն մշտական ​​կապի մեջ և որոնեն կուտակված հակասությունների լուծման ուղիներ, քանի որ «այլ բան պարզապես հնարավոր չէ»: 

Ռուբիոն հայտնել է՝ ուրախ է, որ այդ հանդիպումը տեղի ունեցավ։ Նա հավելել է, որ դեռ անհրաժեշտ է շատ աշխատանք կատարել։ 

Ընդ որում, Ռուբիոն ընդգծել է, որ իր հանդիպումը Վան Իի հետ չի ներկայացրել պաշտոնական բանակցություններ։ Նա նշել է, որ դա իր առաջին անձնական հանդիպումն էր ՉԺՀ արտաքին գործերի նախարարի հետ, որը կարևոր էր անցկացնել հետագայում անձնական կապերի հաստատման և ամրապնդման համար։ «Խոսքն ավելի շատ կառուցողական հիմքի հաստատման մասին էր, որը ելակետ ընդունելով՝ մենք կկարողանանք երկխոսություն վարել ինչպես առևտրի, այնպես էլ այլ հարցերի շուրջ», - նշել է ԱՄՆ պետքարտուղարը։ 

Հուլիսի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանն իր կաբինետի նիստում հայտարարել է, որ Միացյալ Նահանգների և Չինաստանի միջև հարաբերությունները վերջին ժամանակներս բարելավվել են, և Պեկինը արդարացիորեն է վարվում Վաշինգտոնի նկատմամբ առևտրի ոլորտում: