ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է Իրանի վրա ճնշումն ուժեղացնելու անհրաժեշտության մասին՝ պայմանավորված Իրանի միջուկային մշակումներով։ Այս մասին նա ասել է փետրվարի 3-ին Fox News-ին տված հարցազրույցում։
«Մենք պետք է ավելի շատ ճնշում գործադրենք Իրանի վրա, մինչև նրանք չդադարեցնեն իրենց ընթացիկ գործողությունները: Իսկ այդ գործողությունները վերջին հաշվով նպատակաուղղված են միջուկային զենքի ստեղծմանը», - ասել է Ռուբիոն։
Իր հերթին The New York Times-ը գրում է, որ ամերիկյան հետախուզությունն ամերիկացի պաշտոնյաներին հավաստիացրել է, որ իրանցի գիտնականների գաղտնի խումբն ուսումնասիրում է ատոմային զենքի մշակման ավելի արագ մոտեցում:
Հրատարակությունը նշում է, որ այդ տվյալները հավաքվել են ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենի վարչակազմի պաշտոնավարման վերջին ամիսներին, այնուհետև փոխանցվել նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության թիմին։
Ըստ հրատարակության՝ Թրամփը «չի շտապում ուղիղ հակամարտության մեջ մտնել Իրանի հետ և, կարծես, բաց է բանակցությունների համար»։
Հունվարի կեսերին Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը NBC News հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել էր, որ Թեհրանը միջուկային զենք ստեղծելու նպատակ չի հետապնդում: