
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հույս է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև շուտով խաղաղության համաձայնագիր կկնքվի։ Այս մասին նա հայտարարել է նախագահ Դոնալդ Թրամփի հետ կաբինետի նիստի ժամանակ, որի տեսանյութը տարածել է Սպիտակ տունը։
Ռուբիոն թվարկել է այն հակամարտությունները, որոնք լուծվել են Թրամփի վարչակազմի օրոք։
«Ձեր առաջնորդության ներքո կանխվեց և վերջ դրվեց Հնդկաստանի և Պակիստանի միջև պատերազմին, ՆԱՏՕ-ն այժմ (խմբ.՝ ռազմական ծախսերը) հասցրել է 5%-ի, ինչը երբևէ ամենամեծ թիվն է։ Խաղաղության համաձայնագիր է կնքվել Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության և Ռուանդայի միջև, 12-օրյա պատերազմը (խմբ.՝ Իսրայելի և Իրանի միջև), որն ավարտվեց ամերիկյան գործողությամբ՝ աշխարհի միակ երկիրը, որ կարող էր դա անել։ Հուսանք՝ շատ շուտով խաղաղության համաձայնագիր կկնքվի Ադրբեջանի և Հայաստանի միջև», - ասել է Մարկո Ռուբիոն։
Պետաքարտուղարը հավելել է, որ այս ամենին հնարավոր է եղել հասնել Թրամփի նախագահության ընդամենը վեց ամսվա ընթացքում։